Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արարատ քաղաքի Գրիբոյեդով փողոցում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդը տեղում մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար  ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2106»-ը և փակել գազաբալոնի փականը։

Վթարի փաստով կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունները։