Նախագծով առաջարկվում է ՀՀ սեփականություն հանդիսացող 13.4 մլն դրամ արժեքով 1.5 հա մակերեսով հողամասն ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը և անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սևանա» Ազգային պարկ» ՊՈԱԿ-ին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11–ին, կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։
Նրա խոսքով, այդ անշարժ գույքը Հայաստանին է վերադարձվել Գլխավոր դատախազության հայցի հիման վրա՝ Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտով։
Խուդաթյանը նշեց, որ չեղարկվել է «Սևանա» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի և «Կարեն» արտադրական կոոպերատիվի նախագահ Ռուբեն Ղարիբյանի միջև կնքված պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփական իրավունքի պետական գրանցումը։
Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին առաջարկեց ավելի մանրամասը ներկայացնել գործի ընթացքը։
Դատախազը նշեց. «2009 թվականի մարտի 18-ին տրված անշարժ գույքի սեփականության օգտագործման իրավունքի գրանցման վկայականի համաձայն Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրի թիվ 3 հասցեում գտնվող մեկ ու կես հեկտար բնապահպանական նշանակության հողամասից բացի, իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում գրանցված է նաև արտադրական կոոպերատիվի կառուցապատման իրավունքը։
Բացի այդ, Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատվածում Սևան-Գավառ ավտոճանապարհի աջ կողմում գտնվող 1.5 հեկտար մակերեսով հողամասը, այդ թվում շինությունները, Գեղարքունիքի մարզպետի 97 թվականի նոյեմբերի 14-ի որոշման հիման վրա գրանցման գրքում գրանցվել են արտադրական կոոպերատիվի անվամբ։ Վերագրյալի հիման վրա դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի տնօրենի և արտադրական կոոպերատիվի նախագահի մինչև 2008 թվականի դեկտեմբերի 50-ին կնքված և 2009 թվականի մարտի 11-ին նոտարի կողմից վավերացված պայմանագրով արտադրական կոոպերատիվին կառուցապատման իրավունքով տրամադրվել է արդեն իսկ կառուցապատված հողամաս։
Այս խնդիրը համատարած է ազգային պարկի ամբողջ տարածքում, արդեն իսկ կառուցապատված հողամասերի պարագայում թաքցվում է կառուցապատման փաստը և տրամադրվում է վարձակալական իրավունքով հողամաս։ Ապօրինի գույքով անցնող գույքերի մի ստվար զանգված, ուղղակի իրականության մեջ գոյություն ունեն, փաստաթղթերում գոյություն չունեն։
2025 թվականի հուլիսի 2–ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ, Ծովազարդ գյուղում 1.5 հեկտար մակերեսով, 13 միլիոն 404 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասի, ինչպես նաև 162 քառակուսի մետր շենք շինության նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը»։
Այնուհետեը գլխավոր դատախազը նշեց, որ բազմաթիվ տարածքներ կան, որոնք սեփականաշնորհվել են անհատներին կամ իրավաբանական անձանց, բայց դրանք գտնվել է լճի մակարդակի թուլատրելի նիշից ներքև։
«2025 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից հասցեագրվել է 4 միջնորդագիր:
Միջնորդագրերից բացի, կատարված ուսումնասիրության արդյունքում հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Մասնավորապես.
- Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և իրավաբանական անձի միջև 2007 թվականին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագիր, որով Դրախտիկ գյուղից 5 կմ դեպի արևմուտք գտնվող՝ 40 հազար 900 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրվել է իրավաբանական անձին:
Իրավաբանական անձի և ֆիզիկական անձի միջև 2008 թվականին կնքվել է կառուցապատման իրավունքի վաճառքի պայմանագիր, որով վերոնշյալ հողամասից 0.74 հա հողամասի կառուցապատման իրավունքը վաճառվել է ֆիզիկական անձին, ինչի հիման վրա կատարվել է իրավունքի պետական գրանցում:
Գեղարքունիքի մարզպետի կողմից 2010 թվականին տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ վերոնշյալ 0.74 հա հողամասի կառուցապատման համար:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզպետի կողմից 2010 թվականին ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու պահին նշված հողամասում արդեն իսկ ինքնակամ կառուցված է եղել 382.5 քմ շինություն: Բացի այդ, կադաստրային գործում 2011 թվականին բացակայել է շինությունների գրանցման համար հիմք հանդիսացող՝ շինարարության թույլտվության, շինարարության ավարտական ակտի վերաբերյալ տվյալները:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2025 թվականին միջնորդագիր է ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարություն՝ միջոցներ ձեռնարկելու վերոնշյալ պայմանագիրը լուծելու ուղղությամբ: Շրջակա միջավայրի նախարարության կողմից Դատախազությանը տեղեկատվություն է տրամադրվել այն մասին, որ վերոնշյալ ընկերությանն ուղարկվել է պայմանագրի լուծման առաջարկ: Այն չընդունվելու դեպքում պայմանագիրը կլուծվի դատական կարգով:
- Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ֆիզիկական անձի միջև 2021 թվականին կնքվել է 1 հա մակերեսով 68 միլիոն 343 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույքի վարձակալության պայմանագիր:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ մրցույթը կազմակերպվել է 2004 թվականին, սակայն հաղթողի հետ պայմանագիրը կնքվել և պետական գրանցում է ստացել 2021 թվականին:
Հայտնաբերված խախտման հիման վրա, Գեղարքունիքի մարզի դատախազ առաջարկով՝ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին վարձակալության իրավունքի վկայականն ուժը կորցրած է ճանաչվել:
Գեղարքունիքի մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ վերոնշյալ հողատարածքում առկա ապօրինի շինություններն ապամոնտաժելու (քանդելու) նպատակով:
- Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ֆիզիկական անձի միջև 2006 թվականի դեկտեմբերի 5-ին կնքվել է պայմանագիր, որը վերաբերում է Սևանի թերակղզու տարածքում գտնվող՝ 600 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրմանը:
Ուսումնասիրությամբ հայտնաբերվել են խախտումներ:
Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից գրություն է հասցեագրվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ առաջարկելով լուծել պայմանագիրը: Միաժամանակ, կատարված ուսումնասիրության արդյունքում հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին: Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
- Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի և իրավաբանական անձի միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու, հողամասի վրա ամրակայված գույքերը «Սևան ազգային պարկ»-ին օտարելու և վարձակալի կողմից հողամասն ազատելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարձակալության պայմանագրի կնքման որևէ հիմք առկա չի եղել: Մասնավորապես՝ մրցույթի արձանագրության վերաբերյալ տվյալները չեն նշվել պայմանագրում և արձանագրությունն առկա չէ, ինչը նշանակում է, որ մրցույթ չի անցկացվել: 2021 թվականի հունվարից մինչ ՊՈԱԿ-ի կողմից ծանուցումն ուղարկելու օրը՝ 2025 թվականի սեպտեմբերի 10-ը, ՊՈԱԿ-ը չի ստացել կադաստրային արժեքի փոփոխության արդյունքում ձևավորված վարձավճարը, որը կազմում է շուրջ 34 միլիոն 600 հազար դրամ: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք իրավաբանական անձի հետ կնքված վարձակալության պայմանագիրը սահմանված ժամկետի ավարտից հետո դադարեցնելու և հողամասը վարձակալի կողմից ազատելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկել:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից միջնորդագիր է ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարություն՝ միջոցներ ձեռնարկելու վարձակալության պայմանագիրը լուծելու, ինչպես նաև ամրակայված գույքերը վարձատուին օտարելու ուղղությամբ՝ այդ մասին երեք ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, Պայմանագրի 5.5-րդ կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում վարձակալի կողմից հողամասի վրա ամրակայված գույքը ՊՈԱԿ-ի պահանջով թողնելու կամ վերացնելու միջոցով հողամասն ազատելու ուղղությամբ:
Ի պատասխան միջնորդագրի՝ Գլխավոր դատախազությունում տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի կողմից ՍՊԸ-ին վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել:
Նույն իրավաբանական անձի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց պատկանող՝ ք.Սևան, Հանգստի գոտի, 3-րդ փ., 38 բնակելի տուն հասցեի անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու պահանջով հայցադիմում է ներկայացվել Վարչական դատարան:
Պարզվել է, որ «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող վերոնշյալ հասցեում ապօրինի կառուցվել են շինություններ, այդ թվում՝ առանձնատուն, և ապօրինի կերպով տիրապետվում, օգտագործվում է հատկացված հողատարածքի չափը շուրջ երեք անգամ գերազանցող չափով հողամաս՝ ընդհանուր 9088 քմ մակերեսով:
Բացի դրանից՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության հիման վրա՝ միջնորդագիր է հասցեագրվել Սևան համայնքին և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր տարածքների 34 հողամասերում առկա ապօրինի կառուցված շենք-շինություններն ապամոնտաժելու և հողամասը նախկին տեսքին բերելու համար:
Միջնորդագրի արդյունքում այս պահի դրությամբ 3 հողամասերում առկա շենք-շինություններն ապամոնտաժվել են ամբողջությամբ, մնացած հողամասերի վերաբերյալ հարուցվել են վարչական վարույթներ, կայացվել են 23 քանդման որոշումներ»:





























