Բուլղարիայում չորեքշաբթի երեկոյան հազարավոր մարդիկ են դուրս եկել բողոքի ցույցի՝ կառավարության և ինչպես իրենք են համարում, կոռուպցիայի դեմ պայքարելու նրա անկարողության դեմ, հայտնում է Reuters-ը։

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել մայրաքաղաք Սոֆիայում և երկրի տասնյակ այլ քաղաքներում։

Բողոքի ակցիայի մասնակիցները լազերներ են օգտագործել՝ Սոֆիայի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի վրա «Հրաժարական», «Կորչի մաֆիան» և «Արդար ընտրությունների համար» գրություններ գրելու համար։

Հինգշաբթի օրը Բուլղարիայի խորհրդարանը անվստահության քվեարկություն է անցկացրել վարչապետ Ռոսեն Ժելյազկովի կառավարության հանդեպ, որը վեցերորդ նման քվեարկությունն է նրա՝ այս տարվա հունվարի 15-ին իշխանության գալուց ի վեր։

Անցյալ շաբաթ, զանգվածային բողոքի ցույցերից հետո, կառավարությունը հետ է վերցրել իր 2026 թվականի բյուջեի առաջարկը, որն առաջին անգամ արտահայտված է եղել եվրոյով։

Ընդդիմադիր կուսակցությունները և այլ խմբեր հայտարարել են, որ բողոքում են սոցիալական ապահովագրության վճարները և դիվիդենտային հարկերը բարձրացնելու ծրագրերի դեմ՝ կառավարության ավելի բարձր ծախսերը ֆինանսավորելու համար։

Չնայած կառավարության կողմից բյուջեի առաջարկի մերժմանը՝ բողոքի ցույցերը շարունակվում են։

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը բողոքի ցույցերի ֆոնին կոչ է արել արտահերթ ընտրություններ անցկացնել, սակայն վարչապետ Ռոսեն Ժելյազկովը բացառել է այս տարբերակը։