Բոլիվիայի Սանտա Կրուս դեպարտամենտում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս այդքանը համարվում են անհետ կորած։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության փոխնախարար Ալֆրեդո Տրոչեն։
«Զոհվածների ընդհանուր թիվը հասել է 20-ի։ Ավելի քան 20 մարդ համարվում է անհետ կորած։ Ցավոք, զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կավելանա, քանի որ ջրի մակարդակն իջնում է,և փրկարարները որոնում են այն մարդկանց մարմինները, ովքեր չեն կարողացել փրկվել տարերքի հարվածից»,- ասել է նա Bolivia TV հեռուստաալիքի եթերում։
Դեպարտամենտի իշխանությունները տարածաշրջանը հայտարարել են աղետի գոտի։ Ջրհեղեղներից ամենաշատը տուժել է Էլ Տորնո համայնքը։ Իշխանությունների տվյալներով՝ տարերքի պատճառով ավելի քան 600 ընտանիք է տուժել։
Դեկտեմբերի 13-ին Սանտա Կրուսում տեղացած ուժեղ անձրևները հանգեցրել են տարածաշրջանի մի քանի գետերի ափերից դուրս գալուն։





























