Բելգիայի գլխավոր օդանավակայանում 2025 թվականին թմրանյութերի ապօրինի առգրավման դեպքերի ծավալն ավելի քան կրկնապատկվել է, հիմնականում Թաիլանդից, Միացյալ Նահանգներից և Կանադայից կաննաբիսի «մեծ հոսքի» պատճառով, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Մաքսային մարմինների տվյալներով՝ Բրյուսելի օդանավակայանում առգրավվել է ընդհանուր առմամբ մոտ ինը տոննա թմրանյութ, դրանց թվում՝ ութ տոննա կաննաբիս: Միացյալ Նահանգներից թմրանյութերի հոսքի կտրուկ աճը, որտեղ մի քանի նահանգներում մարիխուանայի արտադրությունն օրինականացվել է, պայմանավորված է Եվրոպայում գների բարձրացմամբ։ «Ընկերությունները ձգտում են վաճառել իրենց արտադրանքն այն տարածքներում, որտեղ նրանք ավելի շատ գումար են վաստակում,- մամուլի ասուլիսում հայտարարել է Բելգիայի մաքսային ծառայության տնօրեն Քրիստիան Վանդերվարենը։ -Ակնհայտ է, որ կաննաբիսի վաճառքը եվրոպական շուկայում ավելի շահավետ է, քան ԱՄՆ-ում և Կանադայում»։ Օդանավակայան ժամանող թմրանյութերը հասնում են երեք եղանակով՝ թաքցված բեռների մեջ, փոստով ուղարկված փոքր ծանրոցների մեջ կամ մաքսանենգ ճանապարհով՝ ուղևորների ուղեբեռում։  

«Մենք պատրանքներ չունենք, թե մեզնից խոշոր խմբաքանակներ չեն սպրդում»,- նշել է Վանդերվարենը։

Բելգիան վաղուց ի վեր եվրոպական շուկա մաքսանենգ ճանապարհով ներմուծվող թմրանյութերի առանցքային մուտքի կետն է. դրանց մեծ մասը ժամանում է Անտվերպենի հսկայական նավահանգստով։