ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամայում է Վենեսուելայի ջրեր մեկնող կամ դրանցից դուրս եկող բոլոր պատժամիջոցների տակ գտնվող նավթատարների լիակատար շրջափակման մասին, հաղորդում է Bloomberg-ը։

«Վենեսուելան ամբողջությամբ շրջապատված է Հարավային Ամերիկայի պատմության մեջ երբևէ հավաքված ամենամեծ նավատորմով։ Այն միայն մեծանալու է, և սա աննախադեպ ցնցում կլինի նրանց համար», - գրել է Թրամփը Truth Social-ում։

Նա ասել է, որ սա կշարունակվի մինչև Վենեսուելան ԱՄՆ-ին չվերադարձնի «բոլոր նավթը, հողերը և այլ ակտիվները, որոնք նրանք նախկինում գողացել են մեզանից»։

ԱՄՆ նախագահը նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմը հայտարարել է «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն»։

Նա մեղադրել է «անօրինական» Մադուրոյի ռեժիմին «գողացված հանքավայրերից նավթն օգտագործելու» մեջ՝ իրեն ֆինանսավորելու, թմրավաճառության, մարդկանց թրաֆիքինգի, սպանությունների և առևանգումների համար»։

«Այսօր ես հրամայում եմ Վենեսուելա և Վենեսուելայից մեկնող բոլոր պատժամիջոցների տակ գտնվող նավթատարների լիակատար շրջափակում... Ամերիկան ​​թույլ չի տա հանցագործներին, ահաբեկիչներին կամ այլ երկրներին թալանել, սպառնալ կամ վնասել մեր երկրին, ինչպես նաև թույլ չի տա թշնամական ռեժիմին խլել մեր նավթը, հողը կամ որևէ այլ ակտիվ, որը պետք է անհապաղ վերադարձվի Միացյալ Նահանգներին», - եզրափակեց Թրամփը։

Հարկ է նշել, որ այս գրառումից մի քանի ժամ առաջ ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ վաղը ժամը 21:00-ին ուղերձով կդիմի ազգին։ Թե ինչ է պատրաստվում ասել Թրամփը, դեռևս անհայտ է։

Bloomberg-ը նշում է, որ շրջափակման հրամանագիրը ներկայացնում է Թրամփի վարչակազմի կողմից Մադուրոյի վրա ճնշման սրում, որին մեղադրում են թմրանյութերի ապօրինի շրջանառության գործողություն կազմակերպելու մեջ։