Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է աշխարհի նավահանգիստներում բողոքի ցույցեր անցկացնել ԱՄՆ ծովահենության դեմ, որը գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող լցանավը։

«Արհմիութենական կազմակերպությունները պետք է բանակցություններ վարեն աշխարհի բոլոր նավահանգիստների նավատերերի հետ, որպեսզի նախապատրաստեն նավթագործների, գազագործների և նավահանգստային բանվորների զանգվածային բողոքի ակցիաներ ընդդեմ ԱՄՆ կառավարության ծովահենության», - հայտարարել է Մադուրոն Վենեսուելայի աշխատավոր դասակարգի հիմնադիր համագումարում, որը հեռարձակվել է Venezolana de Televisión հեռուստաալիքով։

Նախագահն ընդգծել է, որ նավթային արդյունաբերության աշխատողները «պետք է ակտիվորեն ձեռնամուխ լինեն ամբողջ աշխարհում աշխատավոր դասակարգի կազմակերպմանը՝ բողոքելով այն ծովահենության դեմ, ովքեր կարծում են, թե իրավունք ունեն գողանալու ամբողջ աշխարհի ապրանքները և «ոչ» ասելու կողոպուտին ու ծովահենությանը»։

Մադուրոն հայտնել է, որ «Վենեսուելան արդեն 25 շաբաթ դիմակայում է հոգեբանական ահաբեկչության և նավթային օբյեկտների վրա հարձակված կորսարների բազմապլանային ագրեսիվ արշավին և հաղթում այն»։ Նա ընդգծել է հանրապետության առևտրի ազատությունը պաշտպանելու անհրաժեշտությունը։

Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ը, օգտագործելով Gerald R. Ford ավիակիրը, Կարիբյան ծովում զավթել է վենեսուելական նավթով բեռնված լցանավը։ Ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պլանավորում է նավթը պահել իրեն։ Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտնել է, որ ԱՄՆ-ը մտադիր է բռնագրավել Վենեսուելայի ափերի մոտ կանգնեցված լցանավը և դրանով փոխադրվող նավթը։

Վենեսուելայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Կարիբյան ծովում նավթային լցանավի զավթումը դիտարկում են որպես «ակնհայտ կողոպուտ և միջազգային ծովահենության ակտ»։