Մասաչուսեթս նահանգում իր սեփական տանը տեղի ունեցած հարձակման հետևանքով մահացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) միջուկային գիտության և ֆիզիկայի պրոֆեսոր Նունու Լուրեյրուն: Նա 47 տարեկան է եղել:
Նրա մահվան մասին հայտնել է Բրուքլայն արվարձանի ոստիկանության պետ Ջենիֆեր Պաստերը: «Ես կցանկանայի իմ խորին ցավակցությունը հայտնել Նունու Լուրեյրուի ընտանիքին, ընկերներին և մերձավորներին... սպանության հետաքննությունը շարունակվում է», - ասված է արվարձանի ոստիկանության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Մահախոսականը հրապարակվել է նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կայքում:
CBS News-ը, հղում անելով իրավապահ մարմիններին, հայտնել է, որ Լուրեյրուն բազմաթիվ հրազենային վնասվածքներ է ստացել: Նրան հոսպիտալացրել են, սակայն դեկտեմբերի 16-ին նա հիվանդանոցում մահացել է:
Լուրեյրուն ծնվել է Պորտուգալիայում 1978 թվականին: Նա ավարտել է Պորտուգալիայի Բարձրագույն տեխնիկական ինստիտուտը՝ ստանալով ֆիզիկայի բակալավրի աստիճան, իսկ 2005 թվականին պաշտպանել է դոկտորական թեզը Լոնդոնի Թագավորական քոլեջում:
Նա 2016 թվականին միացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դասախոսական կազմին, իսկ 2024 թվականին գլխավորել է Պլազմայի գիտության և ջերմամիջուկային սինթեզի կենտրոնը:
Իր կարիերայի ընթացքում Լուրեյրուն մի շարք գիտական պարգևների է արժանացել, այդ թվում՝ Ազգային գիտական հիմնադրամի մրցանակին և Թոմաս Ստիքսի անվան մրցանակին՝ պլազմայի ֆիզիկայի բնագավառում կատարած հետազոտությունների համար:





























