ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները քվեարկության ընթացքում որոշում են կայացրել մերժել այն բանաձևը, որով նախատեսվում էր դադարեցնել երկրի զինված ուժերի օգտագործումը Արևմտյան կիսագնդի նարկոկարտելների դեմ։
Փաստաթղթի օգտին քվեարկել է ստորին պալատի 210 անդամ, իսկ 216-ը դեմ են արտահայտվել։
Բանաձևը ընդգծում է ԱՄՆ զինված ուժերի օգտագործումը կանխելու անհրաժեշտությունը՝ «նախագահի հրամանագրով ահաբեկչական համարվող կազմակերպությունների» դեմ մարտական գործողություններում։
Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ութ նարկոկարտելներ ճանաչել է որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ։ Դրանց թվում են «Tren de Aragua», «MS-13» և «Clan del Golfo» անդրազգային հանցավոր խմբավորումները, ինչպես նաև մեքսիկական «Sinaloa», «Jalisco Nueva Generacion», «Unidos», «Noreste» և «La Nueva Familia Michoacana» կարտելները։
Աշնանը ԱՄՆ ռազմածովային ուժերը սկսել են գործողություններ իրականացնել Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսում գտնվող նարկոկարտելների դեմ։ CNN հեռուստաալիքի հաշվարկների համաձայն՝ ամերիկյան զինվորականները վերջին ամիսների ընթացքում Լատինական Ամերիկայի ափերի մոտ ոչնչացրել են ավելի քան 20 մոտորանավակ՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի պատրվակով։ Ինչի արդյունքում զոհվել է շուրջ 90 մարդ։





























