Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումների կապակցությամբ Գերմանիայի կառավարությունը Կիևին լրացուցիչ 70 միլիոն եվրոյի օգնություն է հատկացրել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի զարգացման նախարար Ռիմ Ալաբալի-Ռադովանը, հայտնում է Tagesschau-ն:

Ալաբալի-Ռադովանի խոսքով՝ իր նախարարությունն ընդլայնում է օգնությունը, «որպեսզի ավելի քան երկուսուկես միլիոն մարդու ապահովի ջեռուցմամբ, ջրամատակարարմամբ և էլեկտրաէներգիայով:

«Հատկապես հիմա՝ ցուրտ ձմռանը, անհապաղ օգնությունը վճռորոշ նշանակություն ունի Ուկրաինայի հիմնական էներգետիկ կարիքներն ապահովելու համար»,- նշել է նա:

Միջոցներն առաջին հերթին նախատեսված են ապակենտրոնացված ջերմամատակարարման մեջ ներդրումների համար, օրինակ՝ շարժական ջեռուցման կայանքների ձեռքբերման։

«Համայնքները պետք է հնարավորություն ունենան երաշխավորել դպրոցների, մանկապարտեզների և հիվանդանոցների ջեռուցումը, նույնիսկ եթե խոշոր էլեկտրակայանները ենթարկվել են հարձակումների։ Էներգամատակարարման այս միջոցառումները կօգնեն մարդկանց կազմակերպել իրենց առօրյա կյանքը», - ընդգծել է նախարարը։

Նշվում է, որ համապատասխան խնդրանքով Գերմանիային դիմել է ուկրաինական կողմը։