Թաիլանդի և Կամբոջայի զինվորականները չեն դադարեցնում սահմանի երկայնքով միմյանց դիրքերի վրա հարձակումները։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Bangkok Post-ը՝ հղում անելով թաիլանդական բանակին։
Թաիլանդի ցամաքային զորքերի մամուլի քարտուղարի տեղակալ Ռիչա Սուկսուվանոնը հայտարարել է, որ երկու երկրների բանակները միմյանց հրետակոծում են փողային և ռեակտիվ հրետանուց՝ նպատակ ունենալով վերահսկողություն հաստատել մի շարք վիճելի տարածքների նկատմամբ։
Նա նշել է, որ թաիլանդական զինվորականները վերահսկում են երկու երկրների ավելի քան 800 կիլոմետրանոց սահմանի երկայնքով գտնվող 19 առանցքային կետերից չորսը։ Սուկսուվանոնը հավելել է, որ լուրջ մարտեր են ընթացել Սուրին նահանգում գտնվող Տա Կվայ տաճարային համալիրի ավերակների համար։
Բացի այդ, չորեքշաբթի օրը Թաիլանդի ծովային հետևակը՝ Ռազմածովային ուժերի էլիտար ստորաբաժանումը, մի քանի օր տևած մարտերից հետո Տրատ նահանգի ափամերձ տարածքից դուրս է մղել կամբոջացի զինվորականներին, որտեղ նրանք փորձում էին հենակետ հաստատել։
Թաիլանդը նաև մեղադրել է Կամբոջային՝ բնակելի շրջանները հրետակոծելու մեջ։ Թաիլանդի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Սուրասանտ Կոնգսիրին նշել է, որ չորեքշաբթի օրը կամբոջացի զինվորականները Սակեու նահանգի քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ ԲՄ-21 (Գրադ) կայանքներից 120 ռեակտիվ արկ են արձակել։
Իր հերթին Կամբոջայի իշխանությունները մեղադրել են թաիլանդական զինվորականներին սահմանամերձ Պոյպետ քաղաքի խաղատունը ռմբակոծելու մեջ։ Ընդ որում, սահմանի փակման պատճառով ավելի վաղ այդ քաղաքում արգելափակված է մնացել 5-6 հազար թաիլանդցի։
Ավելի վաղ Թաիլանդի զինվորականները հայտարարել են, որ կամբոջացի զինծառայողները սահմանի մոտ գտնվող խաղատներն օգտագործում են ԱԹՍ-ներ արձակելու համար։
Թաիլանդի և Կամբոջայի սահմանին բախումները վերստին բռնկվել են դեկտեմբերի 7-ին։ Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Թաիլանդն առաջինն է կրակ բացել։ Բանգկոկը պնդում է հակառակը։ Ավելի քան 800 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը. հաղորդվում է առնվազն 38 զոհի մասի։
Թաիլանդը և Կամբոջան տարածքային վեճ են մղում այն պատճառով, թե ինչպես է գաղութատիրական դարաշրջանում անցկացվել սահմանը։ Տարաձայնությունները հնգօրյա մարտերի են վերածվել 2025 թվականի հուլիսին, որից հետո կողմերը դադարեցրել են կրակը՝ ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն խոստացել է, որ կգործադրի բոլոր ջանքերը Թաիլանդի և Կամբոջայի միջև նոր զինված հակամարտությունը կարգավորելու համար։





























