Ֆրանսիայում նախկին անեսթեզիոլոգը ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ 30 պացիենտների դիտավորյալ թունավորման համար, որոնցից 12-ը մահացել են, հայտնում է BBC News-ը:
Ֆրանսիայի արևելքում գտնվող Բեզանսոն քաղաքի դատարանը Ֆրեդերիկ Պեշյեին մեղավոր է ճանաչել ներարկման պարկերը (ինֆուզիոն փաթեթները) այնպիսի նյութերով աղտոտելու մեջ, որոնք առաջացրել են սրտի կանգ կամ արյունահոսություն:
Նրա ամենափոքր զոհը՝ չորս տարեկան մի երեխա է, որը սրտի երկու կանգ է ունեցել 2016 թվականին նշագեղձերի սովորական վիրահատության ժամանակ և ողջ է մնացել: Ամենատարեց զոհը եղել է 89 տարեկան:
Առաջին անգամ Պեշյեն հայտնվել էր քննության թիրախում ութ տարի առաջ, երբ նրան կասկածել են 2008-ից 2017 թվականներին Բեզանսոնի երկու կլինիկաներում պացիենտների թունավորման մեջ: Նրա առաջին հայտնի զոհը՝ 36-ամյա Սանդրա Սիմարը, ողջ է մնացել Պեշյեի միջամտության շնորհիվ, թեև ողնաշարի վիրահատության ժամանակ սրտի հանկարծակի կանգից հետո հայտնվել է կոմայի մեջ: Նրա ներարկման պարկերի անալիզը ցույց էր տվել կալիումի կոնցենտրացիա, որը 100 անգամ գերազանցում էր նախատեսված դոզան, ինչից հետո տեղի դատախազությունը տագնապ է բարձրացրել: 15 շաբաթ տևած դատական գործընթացի ընթացքում Պեշյեն երբեմն ընդունել է, որ որոշ պացիենտներ, ովքեր վատացել կամ մահացել են, հնարավոր է թունավորված լինեին, սակայն հերքել է իր կողմից որևէ իրավախախտում:
Այժմ Պեշյեն ճաղերի հետևում կանցկացնի առնվազն 22 տարի, թեև ողջ դատավարության ընթացքում նա գտնվել է ազատության մեջ: Նա ունի 10 օր ժամանակ՝ բողոքարկելու համար, ինչը մեկ տարվա ընթացքում կհանգեցնի նոր դատական քննության:





























