Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավորն ուրբաթ օրը մերժել է բանտարկված նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի նոր բողոքարկումը՝ կապված պետական հեղաշրջման գործով նրա դատավճռի հետ և այն որակել անընդունելի։ Այս մասին նշված է դատական փաստաթղթում, որին ծանոթացել է AFP գործակալությունը։

70-ամյա Բոլսոնարուն սկսել է կրել իր 27-ամյա բանտարկության ժամկետը նոյեմբերին, այն բանից հետո, երբ երկրի բարձրագույն դատարանը հայտարարել է, որ նա սպառել է բողոքարկման բոլոր հնարավորությունները։ Այնուամենայնիվ, նրա փաստաբանները գործի էության վերաբերյալ նոր բողոք են ներկայացրել նրա բանտարկությունից երեք օր անց։ Բոլսոնարուի նախկին անհաջող իրավական ջանքերն ուղղված են եղել դատական գործընթացում առկա «անորոշությունների, բացթողումների և հակասությունների» վերացմանը։

Դատավոր Ալեխանդրո դե Մորաեսը, որը վերահսկել է Բոլսոնարոյի դատավարությունը, հայտարարել է, որ չի ընդունի նոր վերաքննիչ բողոքը, որը պահանջում է, որ երկու դատավորները դեմ քվեարկեն դատապարտմանը։

Գերագույն դատարանի կոլեգիայի հինգ դատավորներից միայն մեկն է քվեարկել Բոլսոնարուի նկատմամբ մեղադրական դատավճռի կայացման դեմ։ Ծայրահեղ աջակողմյան առաջնորդը, ով 2019-2022 թվականներին զբաղեցրել է նախագահի պաշտոնը՝ մեղավոր է ճանաչվել մի սխեմայի կազմակերպման մեջ, որի նպատակն է եղել թույլ չտալ նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային ստանձնել պաշտոնը՝ Բոլսոնարուի վերընտրվելու անհաջող փորձից հետո։

Նա պնդել է իր անմեղությունը՝ ասելով, որ քաղաքական հետապնդման զոհ է դարձել։ Պահպանողականների կողմից վերահսկվող Կոնգրեսն այս շաբաթ ընդունել է օրենք, որը կարող է Բոլսոնարոյի ազատազրկման ժամկետը կրճատել մինչև երկու տարուց մի փոքր ավելի։

Լուլան խոստացել է վետո դնել օրենքի վրա, սակայն վերջին խոսքը պատկանում է Կոնգրեսին և այն կարող է չեղարկել նախագահի որոշումը։ Ուրբաթ օրը, ի պատասխան Բոլսոնարուի փաստաբանների հարցման, Գերագույն դատարանը թույլատրել է նրա տեղափոխումը Բրազիլիայի հիվանդանոցներից մեկը՝ կրկնվող կակազոցի և աճուկային ճողվածքի (գրիժա) բուժման նպատակով վիրահատություն իրականացնելու համար։ Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, ոստիկանությունը հայտարարության մեջ նշել էր, որ պաշտոնական բժշկական հետազոտությունը հաստատել է Բոլսոնարուի մոտ ճողվածքի առկայությունը, «որը պլանային վիրահատական միջամտություն է պահանջում»։

Համաձայն հայտարարության՝ բժշկական փորձագետները խորհուրդ են տվել իրականացնել միջամտությունները «որքան հնարավոր է շուտ»՝ հաշվի առնելով Բոլսոնարուի առողջական խնդիրների ազդեցությունը նրա քնի և սննդակարգի վրա, ինչպես նաև «ճողվածքի հետ կապված բարդությունների բարձր ռիսկը»։

Բոլսոնարուն որովայնի խոռոչի հետ կապված խնդիրներ է ունեցել դեռևս 2018 թվականի նախընտրական արշավի ժամանակ ստացած դանակային վնասվածքից հետո, ինչի պատճառով նա մի քանի վիրահատական միջամտությունների է ենթարկվել։ Նրա փաստաբանները նաև խնդրել են թույլ տալ Բոլսոնարուին կրել պատիժը տնային կալանքի տակ՝ ելնելով առողջական վիճակից, սակայն դատավոր Մորաեսը ուրբաթ օրը մերժել է այդ միջնորդությունը։

Իր բանտարկության պաշտոնական մեկնարկից քիչ առաջ Բոլսոնարուն գտնվել է տնային կալանքի տակ, նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ նա զոդման սարքը մոտեցրել էր իր էլեկտրոնային թևնոցին։ Դատարանը դա որակել է որպես փախուստի փորձ։ Նախկին նախագահը հայտարարել է, որ գործել է դեղորայքի ընդունմամբ պայմանավորված պարանոյիկ վիճակում։