Պակիստանի հատուկ դատարանը շաբաթ օրը նախկին վարչապետ և «Պակիստան Թեհրիկ-ե-Ինսաֆ» (PTI) կուսակցության հիմնադիր Իմրան Խանին և նրա կնոջը՝ Բուշրա Բիբիին 17 տարվա ազատազրկման է դատապարտել՝ «Տոշախանա 2» գործով, հաղորդում է Geo TV-ն։

Հատուկ դատարանը իր վճիռը հրապարակեց Ադիալա բանտում կայացած 80 լսումներից հետո: Գործը վերաբերում է թանկարժեք Bulgari զարդերի հավաքածուի աննշան գնով գնմանը:

Դատարանի որոշման համաձայն՝ Իմրանը և Բուշրան դատապարտվել են 10-ական տարվա ազատազրկման՝ Պակիստանի քրեական օրենսգրքի 34-րդ և 409-րդ հոդվածների համաձայն,և ևս 7-ական տարվա ազատազրկման՝ 1947 թվականի «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքի 5-րդ բաժնի համաձայն:

Նրանք նաև տուգանվել են ընդհանուր 16,4 միլիոն պակիստանյան ռուփիի չափով:

Ըստ փաստաթղթերի՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնից ստացված Bulgari ոսկերչական հավաքածուն գնահատվել էր ավելի քան 71 միլիոն ռուփի: Արտաքին գործերի նախարարությունը նույնպես հաստատել է այս տեղեկությունը: Մեղադրող կողմի տվյալներով՝ մեղադրյալները մասնավոր ընկերությունում այն գնահատել են ընդամենը 5,9 միլիոն ռուփի: Հավաքածուն ներառում է վզնոց, ապարանջան, մատանի և ականջօղեր:

Նվերը չի հանձնվել «Տոշախանա» (պետական գանձարան)՝ պահպանության համար և պատշաճ կերպով չի գնահատվել: Գնահատումն իրականացվել է մասնավոր գնահատող Սոհաիբ Աբբասիի, իսկ այնուհետև՝ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից, ընդ որում, նախկին գլխավոր քարտուղար Ինամ Շահը, ենթադրաբար, չարաշահել է իր ազդեցությունը՝ հավաքածուի արժեքը նվազեցնելու նպատակով: