Գիտնականները բացահայտել են հին հռոմեական բետոնի երկար ժամանակ թաքնված տեխնոլոգիա, որն ամուր է մնացել ավելի քան երկու հազար տարի՝ շնորհիվ Պոմպեյում գործող շինհրապարակի հայտնաբերման։

Տեղամասի ավերակները՝ պատերը, անավարտ կառույցները, չոր շինանյութերի կույտերը եւ գործիքները, թաղվել են մոխրի տակ մ.թ. 79թ․ Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ։

Սա թույլ է տվել հետազոտողներին տեսնել ժամանակի պարկուճը, որը պահպանել է հին շինարարների տեխնոլոգիական գործընթացը, հայտնել է հետազոտության գլխավոր հեղինակ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ինժեներ Ադմիր Մասիկը։

Պեղումների վայրի նյութերի եւ հետքերի վերլուծությունը, որը հրապարակվել է Nature Communications ամսագրում, գիտնականներին մինչ օրս ամենահամոզիչ ապացույցներն է տվել այն մասին, թե ինչպես են հռոմեացիները պատրաստել իրենց ճարտարապետական ​​հեղափոխության հիմքը դարձած բետոնը։

Պարզվել է, որ հին ժամանակների աշխատողներն օգտագործել են «տաք խառնում» անունով հայտնի մեթոդը. նրանք խառնում էին չհանգած կիրը չոր հրաբխային մոխրի եւ այլ բաղադրիչների հետ, եւ միայն դրանից հետո ավելացնում էին ջուր՝ առաջացնելով քիմիական ռեակցիա, որը ջերմություն էր արձակում եւ առաջացնում ամուր ցեմենտի խառնուրդ։

Այս մեթոդը տարբերվում էր հին հռոմեացի ճարտարապետ Վիտրուվիոսի նկարագրած մեթոդից, որը խորհուրդ էր տալիս նախ կրին ջուր ավելացնել։ Նոր ապացույցները ցույց են տալիս, որ խառնուրդը պատրաստվում էր չոր վիճակում, ապա ակտիվանում ջրով, ինչը կարեւոր էր եզակի հատկություններով նյութ ստեղծելու համար։

Գիտնականները նախկինում ենթադրում էին, որ հին հռոմեական բետոնի ուշագրավ դիմացկունությունը պայմանավորված էր հրաբխային մոխրի եւ կրի օգտագործմամբ, սակայն Պոմպեյում հայտնաբերված նյութը հնարավորություն տվեց առաջին անգամ դիտարկել իրական խառնման գործընթացը տեղում, այլ ոչ թե պարզապես վերլուծել կարծրացած նյութը։ Այս բետոնի հիմնական առանձնահատկությունը դրա «ինքնաբուժման» ունակությունն էր. նյութի կառուցվածքում կրի փոքր կտորները կարող էին լուծվել ջրի ազդեցության տակ, ապա վերաբյուրեղանալ ճաքերի մեջ՝ լցնելով դրանք եւ ամրացնելով կառուցվածքը։ Այս եզակի ֆունկցիոնալությունը բացատրում է, թե ինչու են հռոմեական շատ կառույցներ, այդ թվում՝ ջրատարներ եւ շենքեր, դեռեւս կանգուն, մինչդեռ ժամանակակից բետոնը ժամանակի ընթացքում քայքայվում է։