ԵՄ հարկատուները ստիպված կլինեն տարեկան 3 միլիարդ եվրո վճարել՝ որպես փոխհատուցում այն վարկերի տոկոսների համար, որոնք ներգրավվելու են Ռուսաստանից Ուկրաինայի պաշտպանությունը ֆինանսավորելու համար նախատեսված ընդհանուր պարտքի ծրագրի շրջանակներում։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Ուրբաթ վաղ առավոտյան դաշինքի առաջնորդները պայմանավորվել են առաջիկա երկու տարվա ընթացքում ԵՄ բյուջեի հաշվին 90 միլիարդ եվրո ներգրավել, որպեսզի երաշխավորեն, որ Կիևի ռազմական դրամարկղը չի դատարկվի ապրիլին։ Պատերազմից ավերված երկիրը հաջորդ տարի կբախվի 71,7 միլիարդ եվրոյի բյուջեի դեֆիցիտի և խիստ կարիք ունի միջոցների՝ իր գոյատևումն ապահովելու համար այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրը խոստացել է շարունակել հակամարտությունը։

Չեխիան, Հունգարիան և Սլովակիան չեն միանա դաշինքի մյուս 24 երկրներին պարտքի բեռը կիսելու հարցում, սակայն համաձայնել են չխոչընդոտել Ուկրաինայի ֆինանսական կարիքների բավարարմանը։

Միջոցների հատկացման համաձայնագրի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովը հաջորդ շաբաթվա սկզբին կառաջարկի այսպես կոչված «ընդլայնված համագործակցություն», որը 24 երկրներին կտա իրավական հարթակ՝ համատեղ պարտք ներգրավելու համար։ Ուկրաինայի համար նախատեսված 210 միլիարդ եվրոյի ֆինանսավորման փաթեթի շատ բնորոշ գծեր կտեղափոխվեն ընդհանուր պարտքի նոր պլան։

Դրանք ներառում են տրանշներով վճարումների սխեմաները, հակակոռուպցիոն երաշխիքները և այն պլանը, թե որքան գումար պետք է ծախսվի Կիևի ռազմական կարիքների և երկրի բյուջետային կարիքների վրա:

Եվրոպական կառավարությունները դիմել են համատեղ պարտքի ներգրավմանը այն բանից հետո, երբ չկարողացան համաձայնեցնել ամբողջ դաշինքում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման վիճահարույց ծրագիրը: Հաջորդ տարի նոր պլանը Ուկրաինային 45 միլիարդ եվրո կտրամադրի, ինչը կարևոր «փրկօղակ» կդառնա Կիևի համար, որը թևակոխում է մարտական գործողությունների հինգերորդ տարին: Մնացած միջոցները կհատկացվեն 2027 թվականին:

Ակնկալվում է, որ 2028 թվականից սկսած ԵՄ-ն իր յոթամյա բյուջեից (որը հիմնականում ֆինանսավորվում է ԵՄ կառավարությունների կողմից) տարեկան 3 միլիարդ եվրո տոկոսավճար կտրամադրի. այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել են Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչները:

Տոկոսավճարները կսկսվեն 2027 թվականին, սակայն այդ տարի կկազմեն ընդամենը 1 միլիարդ եվրո: Ուկրաինան պարտավոր կլինի մարել վարկը միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը դադարեցնի պատերազմը և վճարի ռազմական ռեպարացիաները։ Սա քիչ հավանական է թվում, ինչը նշանակում է, որ ԵՄ-ն կարող է մշտապես երկարաձգել պարտքը կամ օգտագործել սառեցված ռուսական ակտիվները այն մարելու համար։ Դրա համար ԵՄ առաջնորդների միջև ևս մեկ քաղաքական համաձայնություն կպահանջվի, քանի որ Բելգիան կտրականապես դեմ է սառեցված ակտիվների օգտագործմանը, որոնց մեծ մասը պահվում է Բրյուսելում տեղակայված Euroclear ֆինանսական դեպոզիտարիայում։

Հենց Բելգիայի դիմադրությունն էլ ի վերջո ստիպել է ԵՄ անդամ երկրների առաջնորդներին դիմել ընդհանուր պարտքի ներգրավմանը: Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վեվերը ցանկանում է անսահմանափակ ֆինանսական երաշխիքներ ստանալ՝ ռուսական ակտիվներով ապահովված վարկի վերաբերյալ, ինչը չափազանց մեծ պահանջ է եղել նրա գործընկերների համար: