Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից Վանիի սակրեբուլոյի (ավագանու) նախկին անդամ Բիչիկո Պաիկիձեն ձերբակալվել է դեկտեմբերի 9-ին Իսպանիայում (Բարսելոնայում) և սկսվել են արտահանձնման գործընթացները։ Այս մասին հայտարարել է Պաիկիձեի գործով դատախազ Բեքա Խունաշվիլին, հայտնում է Գրուզիա-Օնլայնը։

Նրա խոսքով՝ Պաիկիձեն հետախուզվում է Ինտերպոլի «կարմիր շրջաբերականով» և «չկա որևէ տեղեկություն այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են խոչընդոտել» արտահանձնման գործընթացին։

«Բիչիկո Պաիկիձեն հետախուզման մեջ է եղել։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, այդ թվում՝ Ինտերպոլի կարմիր շրջաբերականով։ Դեկտեմբերի 9-ին նա ձերբակալվել է Իսպանիայում՝ Բարսելոնայում։ Ներկայումս արտահանձնման գործընթացներ են ընթանում։ Մենք այլ տեղեկություն չունենք։ Հիմա գլխավորն այն է, որ նա հանձնվի վրացական իրավապահ մարմիններին՝ դատարանի առաջ կանգնելու համար։ Ինտերպոլի կարմիր շրջաբերականով հետախուզում սկսելուց հետո նա հայտնվել է Բարսելոնայում և ձերբակալվել։ Իմ տեղեկություններով՝ անուն-ազգանունը փոխված չի եղել։

Ինձ հայտնի չէ՝ նա քաղաքական ապաստան խնդրե՞լ է, թե՞ ոչ, բայց ինչ վերաբերում է արտահանձնմանը, ապա չկա տեղեկություն այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են խանգարել հանձնմանը»,- ասել է Բեքա Խունաշվիլին։

«Վրացական երազանքից» Վանիի սակրեբուլոյի նախկին անդամ Բիչիկո Պաիկիձեն մեղադրվում է 2021 թվականի հունիսից մինչև 2022 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կատարված գործողությունների համար։ Խոսքը պետական միջոցների առանձնապես խոշոր չափերի խարդախությամբ հափշտակության, նախնական համաձայնությամբ խմբի կողմից խարդախությանն օժանդակելու, ինչպես նաև կեղծ պաշտոնական փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու մեղադրանքի մասին է։

Մասնավորապես, ըստ քննության, պետական տենդերի կատարման և ենթակառուցվածքային աշխատանքների իրականացման ընթացքում Բիչիկո Պաիկիձեն, ով հանդիսանում է «B.P. TRANS» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատերը, նույն ընկերության տնօրենի և աշխատակցի, ինչպես նաև տենդերի իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ընկերության մենեջերների օժանդակությամբ, կեղծ պաշտոնական փաստաթղթեր կազմելու և օգտագործելու միջոցով խաբեությամբ հափշտակել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը պատկանող 4 184 249 լարի, ինչը հանգեցրել է զգալի վնասի։