Գրենլանդիայում հատուկ դեսպանորդ նշանակված Ջեֆ Լենդրին հայտարարել է կղզին անեքսիայի ենթարկելու Վաշինգտոնի մտադրության մասին։
«Շնորհակալություն, նախագահ Թրամփ։ Մեծ պատիվ է՝ ծառայել Ձեզ նման կամավորական հիմունքներով պաշտոնում, որպեսզի Գրենլանդիան ԱՄՆ-ի մաս դառնա», — գրել է նա X սոցիալական ցանցում:
Լենդրին ընդգծել է, որ նոր պարտականությունները չեն անդրադառնա Լուիզիանա նահանգի նահանգապետի իր աշխատանքի վրա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է նրան Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնաց նշանակելու մասին: Իր հերթին, Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը Վաշինգտոնին կոչ է արել հարգել թագավորության տարածքային ամբողջականությունը:
Սպիտակ տան ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է Միացյալ Նահանգների մաս դառնա։ Նրա խոսքով՝ այդ տարածքները ռազմավարական նշանակություն ունեն ազգային անվտանգության համար։ Միևնույն ժամանակ, ամերիկյան առաջնորդը հրաժարվել է խոստում տալ, որ ռազմական ուժ չի կիրառի Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Կոպենհագենն էլ իր հերթին նշել է, որ կղզին չի վաճառվում։
Գրենլանդիան մինչև 1953 թվականը եղել է Դանիայի գաղութը։ Այն շարունակում է մնալ թագավորության մասը, սակայն 2009-ին ստացել է ինքնավարության կարգավիճակ՝ ներքին քաղաքականության մեջ ինքնակառավարման և ինքնուրույն ընտրության հնարավորությամբ։





























