Թաիլանդը և Կամբոջան չեն կարողացել հրադադարի համաձայնության գալ Մալայզիայում Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) արտաքին գործերի նախարարների հատուկ նիստում, որը նվիրված է եղել տարածաշրջանային բլոկի երկու անդամ երկրների միջև հակամարտության կարգավորմանը, սակայն համաձայնվել են դեկտեմբերի 24-ին ռազմական բանակցություններ անցկացնել հրադադարի շուրջ պաշտպանության նախարարների մակարդակով։ Այս մասին Կուալա Լումպուրում լրագրողներին հայտնել է Թաիլանդի արտաքին գործերի նախարար Սիհասակ Ֆուանգկետոն։

Ճեպազրույցը հեռարձակվել է թաիլանդական The Reporters ցանցային հեռուստաալիքով։

«Այսօր մենք հրադադարի վերաբերյալ որևէ համաձայնության չենք հասել։ Իրավիճակն այնպիսին է եղել (նախքան Մալայզիայում նախարարական հանդիպումը), որ բոլորը խոսում են հրադադարի մասին, այդ թվում՝ կամբոջական կողմը, սակայն կամբոջական կողմն այդ մասին մեր հետ չի խոսում. այս հարցերի շուրջ մենք վաղուց երկկողմ շփում չէինք ունեցել», - ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ Թաիլանդի և Կամբոջայի պատվիրակությունները ԱՍԵԱՆ-ի նախարարների հանդիպմանը ժամանել են ոչ թե միմյանց մեղադրելու, այլ հակամարտության դեէսկալացիայի գործընթացն առաջ մղելու փորձ կատարելու համար։

«Այսօր մենք ԱՍԵԱՆ-ի երկրների բոլոր պատվիրակությունների, այդ թվում՝ Կամբոջայի պատվիրակության հետ նստած էինք նույն դահլիճում։ Մենք առաջարկեցինք, որ երկու կողմերի զինվորականները հանդիպեն և հրադադարի շուրջ բանակցություններ վարեն միմյանց հետ։ Կամբոջան համաձայնել է այդ բանակցություններին և դրանք նշանակվել են 2025 թվականի դեկտեմբերի 24-ին՝ Սահմանային հարցերի երկկողմ ընդհանուր կոմիտեի ձևաչափով՝ Թաիլանդի և Կամբոջայի պաշտպանության նախարարների համանախագահությամբ», - հայտնել է Փհուանգկետկեոն։

Նա ընդգծել է, որ Թաիլանդի և Կամբոջայի միջև երկկողմ հարաբերությունների մասին համատեղ հռչակագիրը՝ ուղղված հակամարտության դեէսկալացիային, որն ստորագրվել էր երկու երկրների կողմից 2025 թվականի հոկտեմբերի 26-ին Կուալա Լումպուրում կայացած ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակներում, հենց հրադադարի և խաղաղության տանող ուղիղ ճանապարհն է։ Սակայն, որպեսզի խաղաղությունը հասանելի լինի, Կամբոջան պետք է պահպանի հռչակագրի բոլոր դրույթները՝ ծանր սպառազինության հետքաշում սահմանից, զորքերի թվաքանակի կրճատում, ականազերծում, պայքար անդրսահմանային հանցավորության դեմ, հակազդում խարդախներին (Կամբոջայի տարածքում գործող խաբեբաների զանգերի կենտրոններին) և Թաիլանդի տարածքում ներխուժումների կանխում։

«Այս չորս կետերը շատ կարևոր են, հատկապես ականազերծումը, որը վճռորոշ նշանակություն ունի Թաիլանդի համար, քանի որ դեռևս մինչև հռչակագրի ստորագրումը եղել է վեց դեպք, երբ թաիլանդցի զինվորները վերջույթներ են կորցրել ականների պատճառով, իսկ յոթերորդ և ութերորդ միջադեպերը տեղի են ունեցել արդեն հռչակագրի ստորագրումից հետո», - ասել է Թաիլանդի ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ Թաիլանդի ժողովրդի համար սա օրհասական հարց է և Կուալա Լումպուրի հռչակագրի հիմնական մասը:

«Մեզ անհրաժեշտ է պատճառ գտնել Թաիլանդի ժողովրդին բացատրելու համար, թե ինչու դա տեղի ունեցավ: Մենք կամբոջական կողմից հստակ պատասխան չստացանք», - ամփոփել է նախարարը:

Դեկտեմբերի 7-ին Թաիլանդի և Կամբոջայի սահմանին վերսկսված զինված հակամարտությունը՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ, շարունակվում է արդեն ավելի քան երկու շաբաթ: Թաիլանդի զինված ուժերի վերջին տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերի 22-ի դրությամբ զոհվել է 22 զինծառայող, ավելի քան 120-ը ստացել են վնասվածքներ: Կամբոջայի իշխանությունները հայտնել են 18 քաղաքացիական անձանց մահվան և 77 տուժածների մասին: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր կողմից ավելի քան 400 հազար մարդ ստիպված լքել է  սահմանամերձ տարածքներում գտնվող իրենց տները։