Վրաստանի Դմանիսի բնակավայրի մոտ հին շերտի բրածո մնացորդներն ուսումնասիրող գիտնականները նոր տվյալներ են ստացել, որոնք կասկածի տակ են դնում Աֆրիկայից հին մարդկային միգրացիայի ավանդական մոդելը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS One ամսագրում։
Ատամների ձևի վերլուծությունը ենթադրում է, որ Աֆրիկան մոտավորապես միաժամանակ կարող էին լքել, երկու տարբեր հին մարդկային տեսակներ, այլ ոչ թե մեկը, ինչպես նախկինում կարծում էին։
Հետազոտողները մանրամասն ուսումնասիրել են Դմանիսիում հայտնաբերված մի շարք բրածոների ատամները և հայտնաբերել այնպիսի նշանակալի տարբերություններ դրանց միջև, որ դրանք կարող են բացատրվել միայն երկու տարբեր տեսակների առկայությամբ, այլ ոչ թե մեկ պոպուլյացիայի ներսում տատանումներով (օրինակ՝ արուների և էգերի միջև)։ Այս տարբերությունները հաստատվել են պրիմատների (օրինակ՝ գորիլաների) ատամների հետ համեմատությամբ, որոնցում տարբերությունները նույնիսկ մեկ տեսակի ներսում ավելի քիչ են արտահայտված։
Ուսումնասիրության հեղինակներն այս վերլուծության հիման վրա պաշտպանում են այն վարկածը, որ մնացորդների մեկ խումբը կարող է պատկանել Homo georgicus անունով հայտնի տեսակին, իսկ մյուսը՝ Homo caucasi-ին (անունները արտացոլում են հայտնաբերման տարածաշրջանը): Աֆրիկայից հին մարդկանց այս կրկնակի միգրացիան մարտահրավեր է նետում այն տիրապետող տեսությանը, թե մեկ տեսակը՝ Homo erectus-ը, առաջինն էր, որ լքեց Աֆրիկան։
Հեղինակներն ընդգծում են, որ չնայած արդյունքները համոզիչ են թվում, վերջնական կոնսենսուսի հասնելու համար անհրաժեշտ կլինեն ավելի շատ բրածոներ և հետագա հետազոտություններ, քանի որ եզրակացությունները հիմնված են սահմանափակ քանակությամբ նյութի վերլուծության վրա։



























