Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` փետրվարի 7-ին, կայացել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունը:
Ճանապարհային ոստիկանության վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանը դատավոր Մխիթար Պապոյանին խնդրել է հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները, սակայն դատավորը պահանջել է, որ նա պատմի իր իմացածը: Եղիազարյանը հայտնել է, թե բենզինի վերաբերյալ սխալ տվյալներ ներկայացնելու հրահանգը ստացել է ՃՈ երկրորդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանից: Ըստ վկայի, Կարախանյանը այդ հանգամանքը պատճառաբանել է նոր անվադողեր գնելու անհրաժեշտությամբ, եւ ինքն էլ պակաս է նշել, թեեւ վաշտում ոստիկանները մշտապես բողոքներ են հայտնել:
Եղիազարյանը գործով անցնող վերջին վկան էր, եւ դատավորը անցել է ամբաստանյալների հարցաքննությանը:
Ամբաստանյալ Սամվել Մախմուրյանը հայտարարել է, թե չի կարող ցուցմունք տալ, քանի որ պաշտպան չունի: Մխիթար Պապոյանը հանձնարարել է ամբաստանյալին հանրային պաշտպան հատկացնել եւ դատավարությունը հետաձգել է մինչեւ փետրվարի 14-ը:
Այդ փաստը զայրացրել էր գործով գլխավոր ամբաստանյալ Մարգար Օհանյանին, ով նկատել է, թե Սամվել Մախմուրյանը ամեն կերպ ցուցմունք տալը հետաձգելու հանձնարարություն ունի:
Նկատենք, որ առ այսօր ցուցմունք տված մեկ տասնյակից ավելի վկաներից միայն Արսեն Արշակյանն է, որ ցուցմունք է տվել Մարգար Օհանյանի դեմ, մյուսների ցուցմունքները միայն Ստեփան Կարախանյանի դեմ են:
Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով:
Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:
Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար) չափով վնաս:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Ստեփան Կարախանյանը, Արա Լեւոնյանը եւ Սամվել Մախմուրյանը:




























