ԱԺ պատգամավորի մանդատը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին գոհացնում է եւ նա առաջիկայում նախարար դառնալու ցանկություն չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` գործարար պատգամավորը, արձագանքելով այն հարցին, թե ԱԺ պատգամավորի մանդատը իրեն չի՞ հոգնեցրել եւ արդյոք չի՞ պատրաստվում առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո նախարար դառնալ: «Չէ, չէ, չէ նման ցանկություն չունեմ: ԱԺ պատգամավորի մանդատը ինձ գոհացնում է»,- ավելացրեց Սամվել Ալեքսանյանը:

Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած այն հրապարկումներին, թե ՀՀԿ-ն վերջնական որոշում է կայացրել Մալաթիա-Սեբաստիա համայնքում առաջադրել իրեն` Սամվել Ալեքսանյանը նշեց, որ ինքն առողջական խնդիրների պատճառով մեկ շաբաթ է, ինչ տանից դուրս չի եկել, հետեւաբար տեղյակ չէ: «Վաղը կգնամ կիմանամ կասեմ»,- խոստացավ նա, հավելելով, որ եթե ժողովուրդը ցանկանա` իրենց համայնքում կառաջադրվի:

Անդրադառնալով այն դժգոհություններին, որ Սամվել Ալեքսանյանի անունից քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ բնակիչներից ստորագրություն են հավաքում, պատգամավորն ասաց. «Նման բան չկա: Ասում են թող ասեն: Չկա նման բան, չկա»: