ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի օգնական Արմեն Ղասաբօղլյանը նշանակվել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի խորհրդական: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները:
Նշենք, որ ԱԺ նախագահ դառնալուց հետո Սամվել Նիկոյանն ասել էր, որ պատրաստվում է հաստիքներ օպտիմալացնել ԱԺ աշխատակազմում: Ավելին, ԱԺ կայքում հայտնվել էր մի ծանուցում, որով չեղյալ էր հայտարարվել մի շարք թափուր պաշտոնների համար մրցույթների անցկացման մասին հայտարարությունները: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեկնաբանել էին, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթների անցկացման մասին հայտարարությունները չեղյալ համարելը պայմանավորված է առաջիկայում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքային միավորները համակարգելու եւ գույքագրելու, դրանց գործառութային նշանակությունը եւ աշխատակազմի կազմակերպման կառուցվածքը համալիր օպտիմալացման շրջանակում վերանայելու օբյեկտիվ անհրաժեշտությամբ:
Սակայն, Սամվել Նիկոյանի նշանակումից` դեկտեմբերի 6-ից մինչ օրս, Արմեն Ղասաբօղլյանի նշանակումը թվով վեցերորդն է: Դրան նախորդել է գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանի, օգնականներ Ռաֆայել Աբովյանի, Գագիկ Նահապետյանի, ռեֆերենտ Կլավդա Պետրոսյանի, ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության մշակութային հարցերի պատասխանատու Մերի Փայտյանի նշանակումները:




























