Վանաձոր քաղաքում մինչ օրս կա 84 երրորդ կարգի վթարային շենք, որոնց վիճակը գնալով ավելի է վատանում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի բնակֆոնդի հաշվառման եւ բաշխման բաժնի պետ Արա Մայիլյանն ասաց, որ վերջին տարիներին նշված շենքերից ոչ մեկում որեւէ ամրացման աշխատանքներ չեն իրականացվել:
«Մենք դիմել ենք կառավարությանը, որ ամրացնեն, բայց դեռ պատասխան չենք ստացել»,-ասաց նա:
Մեր տեղեկութուններով, նշված շենքերի վթարայնության աստիճանը վերջին անգամ չափվել է 2003թ-ին: Բաժնի պետի խոսքով, այս պահի դրությամբ խիստ անհրաժեշտություն կա նոր ուսումնասիրություն կատարելու. «Դուք էլ գիտեք, որ շենքերը չեն ամրացվել, չեն նորոգվել, ու տարեցտարի վիճակը էլ ավելի է վատանում, ու նոր ուսումնասիրության ժամանակ հնարավոր է, որ մի շարք շենքեր արդեն 4-րդ կարգի վթարային ճանաչվեն»:
Երրորդ կարգի վթարայնությունն, ըստ սահմանված նորմերի, համարվում է բնակելի, իսկ ահա 4-րդ կարգի վթարային շենքն արդեն ենթակա է քանդման: Այսօր էլ կան մի շարք շենքեր, որոնք թեեւ չեն ստացել վթարայնության 4-րդ կարգ, սակայն դատարանի որոշմամբ ճանաչվել են ոչ բնակելի:
«Գրիգոր Լուսավորչի թիվ 28 եւ 17 շենքերի համար դատարանը կայացրել է վճիռ, ըստ որի բնակիչներին անհապաղ պետք է տարհանել, մենք զգուշացրել ենք բնակիչներին, որ դուրս գան տներից, սակայն հրաժարվում են»,-ասաց նա:
Արա Մաիլյանի փոխանցմամբ, նշված շենքերը ցանկացած պահի կարող են փլվել: Նրա խոսքով, իրենք բնակիչներին առաջարկել են լքել բնակարանները, փոխարենը առաջարկել են հանրակացարանային սենյակներ ու վարձով բնակարաններ, սակայն բնակիչները հրաժարվել են, պահանջելով նոր բնակարան, ինչն այսօր համայնքը չի կարող տրամադրել:
Նշենք, որ ընդհանուր առմամբ, Վանաձորի 84 երրորդ կարգի վթարային շենքերում մինչ օրս շարունակում է բնակվել մոտ 3280 մարդ, որոնց մեծ մասը բնակվում են սոցիալապես ծանր ու շենքային անմխիթար պայմաններում:






Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























