Պետությունը իր վրա է վերցնում ակտիվ և պատասխանատու դերակատարում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներում՝ էներգետիկ, տրանսպորտային, ջրային, թվային և անվտանգային համակարգերում, միաժամանակ ապահովելով պետական սեփականության թափանցիկ և տնտեսապես հիմնավորված մասնավորեցում այն ոլորտներում, որտեղ դա նպաստում է մրցակցությանը և արդյունավետությանը։ Այս մասին այսօր՝ հունվարի 8–ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն, մենք այս դոկտրինով ավելի մեծ պատասխանատվություն ենք վերապահում պետությանը, կառավարությանը ստրատեգիական նշանակության կամ կրիտիկական ենթակառուցվածքների կառավարման գործում, միևնույն ժամանակ չբացառելով, որ այնտեղ, որտեղ որոշակի պայմաններում նաև մասնավորի ներգրավման, մասնավորեցման, մասնավոր կառավարման հանձնելու բանաձևերը կարող են աշխատել, մենք մեզ չենք սահմանափակում նաև այդ տրամաբանությամբ»,–ասաց նա։

Փաշինյանի խոսքով, նոր պայմաններում տնտեսության համար կարևորագույն գործոններից մեկը արհեստական բանականությունը և թվային տեխնոլոգիաներն են, որոնք այս համատեքստում պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին ոլորտ, այլ որպես նոր տնտեսական, սոցիալական և հանրային իրողություն։

«Այսինքն արհեստական բանականություն էլ ոչ թե առանձին վերցրած ոլորտ է, այլ մի ոլորտ է, որը բացարձակապես ազդում է ամեն ինչի վրա։ Ինչպես կրթությունը, որը մենք այլևս չենք նայում որպես առանձին ոլորտ, արհեստական բանականությունն էլ ինքը արդեն մի ոլորտ է, որը բացարձակապես ամեն ինչի վրա ազդում է ընդհուպ հանրային հարաբերությունների, աշխատանքի արդյունավետության, կրթության, գիտելիքի և այդպես շարունակ։

Մենք ոչ թե պետք է սպասենք, որ մոտենա այդ ալիքը, այլ մենք ինքներս նախապատրաստենք, այդ ալիքը բերենք, որոշակի կառուցակարգերով ինտեգրենք մեր հանրային կյանքին, պետական կյանքին, բոլոր ոլորտներում։ Սրա համար պետք է որոշակի նախապատրաստական աշխատանքներ, որը իհարկե մենք ինչ-որ ձևով արդեն իսկ սկսել ենք, բայց շատ կարևոր է, որ մենք ռազմավարական նշանակության փաստաթղթում դա արձանագրենք։

Արհեստական բանականության հետ կապված կա մի լրացուցիչ գործոն, որը վերաբերվում է էներգետիկ համակարգին, որովհետև արհեստական բանականության կենտրոնները իրենք էլեկտրաէներգիայի սպառման խոշոր կենտրոններ են, այսինքն արհեստական բանականության զարգացման զուգընթաց էլեկտրական էներգիայի սպառումը աճում է մեր պատկերացումներով, անհամաչափորեն։ Այդտեղ նույնիսկ կարող ենք խոսել երկրաչափական պրոգրեսիայի մասին արհեստական բանականության բնականոն սովորական աճի պայմաններում, ինչը նշանակում է, որ մենք էներգետիկայի զարգացմանը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք։

Բայց այստեղ մեզ համար բացվում են նոր հնարավորություններ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը շատ հարուստ է վերականգնվող էներգետիկայի ռեսուրսներով, մասնավորապես, արևային էներգիան մեծ պոտենցիալ ունի Հայաստանի Հանրապետությունում, և այդ պոտենցիալը մենք պետք է ճիշտ և ճշգրիտ օգտագործենք»,– հայտարարեց վարչապետը։

Նա նկատեց, որ այստեղ բախվում ենք մի իրավիճակի հետ, երբ ոլորտում նոր իմացություն և գիտելիք ձեռք բերելու մեծ պահանջ ունենք, բայց այդ պահանջը բավարար չափով չի լրացվում. «Մենք չենք կարող ասել, գիտեք ինչ, հիմա մենք վերականգնվող էներգետիկայի զարգացումը պետք է դանդաղեցնենք կամ կանգնեցնենք, մինչև մենք կհասցնենք այդ գիտելիքի հետևից։ Սա բացարձակապես անընդունելի է։ Ոչ, պետք է մենք թողնենք, որ վերականգնվող էներգետիկան զարգանա, և մի բան էլ խթանենք վերականգնվող էներգետիկայի զարգացումը, որովհետև այստեղ խոսքը, այդ թվում, մեր էներգետիկ անվտանգության և անկախության մասին է, և մենք պատմական շանս ենք ստացել էներգետիկ առումով լինել շատ ավելի ինքնաբավ, շատ ավելի անկախ և շատ ավելի շատ ավելի ինքնիշխան»,– հայտարարեց Փաշինյանը։