Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական TRT կայքէջը։

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Մամեդյարովը Դավութօղլուին տեղեկություններ է հաղորդել Մյունխենում կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ կայացած հանդիպման մասին։

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ Ղարաբաղի բանակցությունները շարունակվում են, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստում են առաջիկայում Աթենքում հանդիպում իրականացնել։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր գոհունակություն է հայտնել հիշյալ զարգացումների հետ կապված եւ կրկին հրավիրել Մամեդյարովին այցելել Անկարա։

NEWS.am-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 22-ին Մյունխենում կայացած Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հանդիպման հետ կապված՝ հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
2009թ. նոյեմբերի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հանդիպում են ունեցել Մյունխենի ֆրանսիական հյուպատոսարանում։ Բանակցություններին մասնակցել են երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Այս տարվա ընթացքում թվով վեցերորդ հանդիպման ժամանակ երկու նախագահները անցկացրել են համանախագահների առաջարկած ամենակարեւոր եւ չլուծված կետերի մանրամասն քննարկումներ։ Ավելի քան 4 ժամ տեւած բանակցությունները կառուցողական են եղել։ Մի շարք հարցերում առաջընթաց է գրանցվել։ Միաժամանակ, շատ հարցեր դեռեւս մնում են չլուծված։ Նախագահներն իրենց երկրների արտգործնախարարներին հանձնարարել են այդ հարցերի առնչությամբ շարունակել աշխատել համանախագահների հետ։ Հաջորդ քայլը կլինի ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին նախորդող՝ երկու երկրների արտգործնախարարների աշխատանքային հանդիպումը Աթենքում, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ը"։