Գիտնականները հին մայաների քաղաք են հայտնաբերել՝ թաքնված Յուկատան թերակղզու ջունգլիների խորքում՝ Բալամաքիի պահպանվող բնական արգելոցում: Հայտնագործությունը կատարվել է LiDAR (օդային լազերային սկանավորում) տեխնոլոգիայի միջոցով, որը կարող է «տեսնել» խիտ բուսականության միջով, և այնուհետև հաստատել հնագիտական հետազոտություններով:
Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Antiquity ամսագրում:
Քաղաքն անվանվել է Օկոմտուն, որը յուկատեկյան մայաների լեզվով նշանակում է «քարե սյուն»: Այն զբաղեցնում է մոտ 50 հեկտար տարածք և ներառում է 15 մետրից ավելի բարձրությամբ բուրգեր, երեք մեծ կենտրոնական հրապարակ, մայաների գնդակի խաղի համար նախատեսված խաղահրապարակներ, հսկայական աստիճաններ, սարահարթ, ինչպես նաև գլանաձև քարե սյուներ և հնարավոր առևտրային կամ ծիսական տարածքներ:
Օկոմտունը բլրի վրա է՝ ճահճոտ ջունգլիների մեջ, ինչն այն դժվարամատչելի և երկար ժամանակ աննկատելի է դարձրել: Գիտնականների կարծիքով, այս կենտրոնը, հավանաբար, եղել է մայաների քաղաքակրթության դասական շրջանում (մոտավորապես մ.թ. 250-ից 1000 թվականներ), հատկապես՝ այսպես կոչված ուշ դասական շրջանում (մ.թ. 600-800 թվականներ)։
Հնագիտական հետքերը ցույց են տալիս, որ քաղաքում փոփոխություններ են տեղի ունեցել մ.թ. մոտ 1000 թվականին, որոնք, հնարավոր է, կապված են եղել սոցիալ-քաղաքական ցնցումների և բնակչության նվազման հետ. երևույթներ, որոնք բնորոշ են տարածաշրջանում մայաների քաղաքակրթության լայնածավալ անկմանը։ Օկոմտունը մերձակա ճանապարհներից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա է, և այս հայտնագործությունը համարվում է վերջին ժամանակների ամենակարևորներից մեկը մայաների քաղաքակրթության կառուցվածքն ու պատմությունը հասկանալու համար։




























