«Օլիմպ» ԱԿ ներկայացուցիչ Նելլի Ղուկասյանը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև։
«Տասնյակ տարիներ տևող դատական գործընթացներ, միլիոնավոր դրամների ֆինանսական վնաս, անուղղելի բարոյական կորուստներ և պետական համակարգի տարբեր օղակների ներգրավվածություն․ «Օլիմպ» ԱԿ-ի գործը վաղուց դուրս է եկել մեկ իրավական վեճի շրջանակներից և դարձել է համակարգային կոռուպցիայի դասական օրինակ։
Այս գործը հասել է մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը պաշտոնապես արձանագրել է՝ խախտվել են «Օլիմպ» ԱԿ-ի իրավունքներն ու շահերը։ Սակայն անգամ այս արձանագրումից հետո Հայաստանում արդարությունը շարունակում է մնալ անհասանելի։
Ինչպես սկսվեց սեփականության զավթումը
Աբովյան 4 հասցեում գտնվող «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող տարածքը օտարվեց և քանդվեց Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, այն ժամանակ, երբ Երևանի քաղաքապետն էր Կարեն Կարապետյանը։ Կառուցապատումն իրականացրեց Ավետիս Կարագուլյանը՝ «Ավո ՖՄՀ» ՍՊԸ-ի միջոցով։
Ըստ տարբեր աղբյուրների և հենց Կարագուլյանի՝ մասնավոր զրույցներում արված հայտարարությունների, վերջինս Հայաստան է բերվել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի միջոցով։ Կարագուլյանը չի թաքցրել նաև, որ սկզբնական փուլում խոստացել է արդար փոխհատուցում սեփականատերերին, սակայն հետագայում հայտարարել է, թե «երբ իրեն քցել են, ինքն էլ ստիպված է եղել քցել սեփականատերերին»։
Այս խոստովանությունը, ըստ էության, բացահայտում է այն մեխանիզմը, որով տասնյակ բիզնեսներ և ընտանիքներ զրկվել են իրենց սեփականությունից՝ առանց օրենքով սահմանված նախնական և համարժեք փոխհատուցման։
Պետական համակարգի մասնակցությունը․ պատահակա՞ն, թե՞ ծրագրված
Տարածքի օտարման և քանդման գործընթացը հնարավոր չէր իրականացնել առանց պետական համակարգի անմիջական մասնակցության։ Տվյալ գործով ներգրավված են եղել մի շարք առանցքային կառույցներ՝
- Երևան Քաղաքապետարան
- ԴԱՀԿ-ը՝ Միհրան Պողոսյանի ղեկավարությամբ,
- Երևանի ոստիկանությունը՝ Ներսիկ Նազարյանի գլխավորությամբ,
- Դատախազությունը,
- Կադաստրի Կոմիտե
- ՊՊԾ-ն և այլ պետական մարմիններ։
Այս մարմինների գործողությունների կամ անգործության արդյունքում հնարավոր է դարձել Երևանի կենտրոնի ամենաթանկարժեք գույքերի օտարումը՝ ի վնաս իրական սեփականատերերի։
Գնահատումներ՝ որպես հափշտակության գործիք
Առանձին ուշադրության են արժանի գնահատող կազմակերպությունները, որոնց կազմած գնահատականների հիման վրա էլ իրականացվել է գույքի օտարումը։ Այս գնահատումները, ըստ քննության նյութերի, ակնհայտորեն չեն արտացոլել շուկայական իրական արժեքը և ծառայել են մեկ նպատակին՝ ստեղծել «օրինականության» պատրանք՝ իրականում հափշտակելով բարձրարժեք սեփականություն։
Այս հանգամանքների վերաբերյալ ևս քրեական գործեր են հարուցվել։
Քրեական գործեր՝ ուշացած, բայց խոստումնալից
Դեպքերից անցել է շուրջ 15 տարի, սակայն միայն վերջին տարիներին են հարուցվել քրեական գործեր Ավետիս Կարագուլյանի և Լևոն Սարգսյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառքի հանձման և ստացման մեղադրանքներով։
Այս քրեական գործերը լուրջ հարցեր են առաջացնում․ եթե այսօր հնարավոր է քրեական գնահատական տալ այդ գործողություններին, ապա ինչու՞ էր համակարգը տարիներ շարունակ լռում և թույլ տալիս նույն գործընթացների շարունակությունը։
Ավելին, եթե Ավետիս Կարագուլյանը ի սկզբանե այս կառուցապատման գործընթացը սկսել է կաշառքների միջոցով, ապա տրամաբանական է ենթադրել, որ նույն մեխանիզմներով էլ փորձ է արվում այն հասցնել ավարտին։ Համենայնդեպս, այդպիսի տպավորություն է ձևավորվում տասնյակ տարիներ դատարաններում ընթացող բազմաթիվ գործերից, դատական նիստերի ընթացքում նկատվող դատավորների բացահայտ վերաբերմունքի փոփոխություններից և գործերի քննության ընթացքից։
Այս դեպքում խոսքը մեկ անձի կամ մեկ դրվագի մասին չէ։ Խոսքը շարունակական և համակարգային կոռուպցիայի մասին է, որն իր դրսևորումներն ունի թե՛ վարչական, թե՛ դատական գործընթացներում և տարիներ շարունակ ապահովել է անպատժելիության մթնոլորտ։
ՄԻԵԴ-ի որոշումը՝ որպես վերջնական ահազանգ
Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի որոշումը, որով հաստատվել է «Օլիմպ» ԱԿ-ի իրավունքների խախտումը, իրավական առումով հստակ ուղերձ է Հայաստանի իշխանություններին։ Սակայն ներպետական դատարաններում գործերը շարունակում են մնալ փակուղում։
Դատարանների իրարամերժ վճիռները ոչ միայն չեն լուծում խնդիրը, այլ խորացնում են անվստահությունը դատական համակարգի նկատմամբ՝ ցույց տալով, որ անգամ միջազգային դատարանի արձանագրումը բավարար չէ արդարության վերականգնման համար։
Ո՞ւմ է ձեռնտու փակուղին
Այսօր հիմնական հարցը այլևս ոչ թե իրավական է, այլ համակարգային․ո՞ւմ է ձեռնտու, որ «Օլիմպ» ԱԿ-ի գործը շարունակի մնալ չլուծված։ Ո՞ւմ է ձեռնտու, որ տարիներով ձգձգված գործերը մարեն ժամանակի մեջ՝ առանց պատասխանատվության։
Արդյոք կառավարությունը պատրաստ է ոչ միայն խոսել համակարգային բարեփոխումներից, այլ նաև վերականգնել արդարությունը այնտեղ, որտեղ այն տարիներով ոտնահարվել է»։



























