Ավստրալիայում հայտնաբերել են բուսակեր միջատների գիտությանը նախկինում անհայտ չորս տեսակ և անվանել դրանք Թեյլոր Սվիֆթի ու նրա երկրպագուների պատվին։ Նոր ցեղը ստացել է Swiftiephylus անվանումը, իսկ դրա մեջ մտնող չորս տեսակները կոչվել են Swiftiephylus taylorae, Swiftiephylus amator, Swiftiephylus intrepidus և Swiftiephylus poetorum։ Միջատների 12 նոր տեսակների նկարագրությունը հրապարակվել է Insect Systematics and Evolution ամսագրում։
Չորս տեսակների անվանումները հղում են անում երգչուհու անվանն ու նրա ալբոմների վերնագրերին։ Taylorae-ն Թեյլոր անվան լատինացված ձևն է, amator նշանակում է «սիրահար», intrepidus՝ «անվախ», իսկ poetorum՝ «բանաստեղծների»։ Swiftiephylus ցեղի անվանումը միավորում է Swiftie բառը, որով կոչում են երգչուհու երկրպագուներին, և phylus-ը՝ տարր, որը հաճախ օգտագործվում է այս միջատների խմբի անվանումներում։
Հետազոտության հեղինակը՝ Ռիվերսայդի Կալիֆոռնիայի համալսարանի դոկտորանտ Սառա Շրեդերը, խոստովանել է, որ մանկուց Սվիֆթի երկրպագու է։ Նրա խոսքով՝ նման անվանումը միաժամանակ թույլ է տվել հարգանքի տուրք մատուցել երգչուհուն և ուշադրություն հրավիրել միջատների դեռևս չուսումնասիրված հսկայական թվով տեսակների վրա։
Նոր տեսակները պատկանում են Miridae ընտանիքին՝ իսկական կիսակոշտաթևավորների ամենախոշոր ընտանիքին, որն ունի ավելի քան 11 հազար նկարագրված տեսակ։ Դրանք սերտորեն կապված են ավստրալական կազուարինաների հետ՝ ծառերի և թփերի, որոնք կարող են աճել ամենատարբեր պայմաններում՝ արևադարձային անտառներից մինչև ափամերձ ավազաբլուրներ և ծայրահեղ բարձր ջերմաստիճան ունեցող շրջաններ։ Միջատները սնվում են այս բույսերով, սակայն չեն համարվում վնասատուներ, որոնք կարող են դրանց զգալի վնաս հասցնել։
Նոր տեսակների գունավորումը նույնպես կարող էր ազդել անվան ընտրության վրա։ Միջատներն ունեն բաց դեղին գույն՝ կարմիր հատվածներով, և, հավանաբար, քողարկվում են կազուարինաների ծաղիկների մեջ, որոնք ձևավորում են բարակ կարմրանարնջագույն կառուցվածքներ։ Շրեդերը նրանց արտաքին տեսքը համեմատել է Թեյլոր Սվիֆթի բնորոշ կերպարի հետ՝ բաց մազերով և կարմիր շուրթերով։
Թեև գիտության համար այս միջատները նկարագրվել են միայն հիմա, նմուշներն իրենք տասնամյակներ շարունակ պահվել են թանգարանային հավաքածուներում։ Դրանք հավաքվել են Ավստրալիայում 1995–2004 թվականներին՝ կենսաբազմազանության ուսումնասիրման լայնածավալ նախագծի շրջանակում։ Այդ ժամանակ հետազոտողները հավաքել են ավելի քան 50 հազար նմուշ, որոնցից շատերը պահանջել են համակարգաբանության մասնագետների երկարամյա աշխատանք։
Նոր հետազոտության համար Շրեդերն ու նրա գիտական ղեկավարը՝ Կալիֆոռնիայի համալսարանի միջատաբանության պրոֆեսոր Քրիստիանե Վայրաուխը, ուսումնասիրել են Ամերիկյան բնական պատմության թանգարանի և Ավստրալական թանգարանի տրամադրած 593 նմուշ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ միջատները կազմում են մի քանի ինքնուրույն էվոլյուցիոն խմբեր՝ չնայած գունավորման նմանությանը և նույն բույսերի հետ ընդհանուր կապին։
Հետազոտողները նշում են, որ նման անհայտ տեսակների քանակը կարող է դեռ հսկայական լինել։ Որոշ գնահատականներով՝ գիտությանը մինչ այժմ հայտնի չեն մինչև 30 մլն միջատների տեսակներ։ Այդ պատճառով տաքսոնոմիան՝ օրգանիզմների նույնականացման, դասակարգման և անվանման գիտությունը, մնում է կենսաբազմազանության ուսումնասիրման կարևորագույն մասը։
«Եթե մենք չենք նկարագրում տեսակները, մենք չգիտենք, որ դրանք գոյություն ունեն, և չենք կարող դրանք պահպանել», — բացատրել է Շրեդերը։ Նրա կարծիքով՝ անսովոր անվանումներն օգնում են ուշադրություն հրավիրել տաքսոնոմիայի և կենսաբազմազանության պահպանման խնդրի վրա։
Միևնույն ժամանակ տեսակները մարդկանց պատվին անվանելու պրակտիկան գոյություն ունի արդեն մի քանի դար և շարունակում է մնալ միջատաբանների քննարկման առարկա։ Այս դեպքում հետազոտողը դա համարում է գիտական աշխատանքը անձնական պատմության հետ կապելու և քիչ հայտնի միջատների աշխարհի ուսումնասիրությանը ավելի լայն լսարան ներգրավելու միջոց։
























