Հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են արել Բանգկոկում Իսրայելի դեսպանատան մոտ՝ պահանջելով, որ օտարերկրյա զբոսաշրջիկները հարգեն Թաիլանդի օրենքներն ու մշակույթը։ Վերջին ամիսներին ժամանածների վարքագծի հանդեպ հասարակական դժգոհությունն ավելի ու ավելի հաճախ ուղղվում է իսրայելցի զբոսաշրջիկների դեմ, հաղորդում է Associated Press-ը։
Բողոքի առաջնորդը՝ մեդիամագնատ և քաղաքական ակտիվիստ Սոնդի Լիմթոնգկուլը, մասնակիցների համար ընթերցել է Թաիլանդում Իսրայելի դեսպան Ալոնա Ֆիշեր-Քամին ուղղված բաց նամակը։ Նրա խոսքով՝ երկիրն այլևս մտադիր չէ լուռ աչք փակել օտարերկրյա այցելուների խախտումների վրա։
«Քաղաքավարի դիվանագիտական հաճոյախոսությունների և հաշվենկատ լռության դարաշրջանը, որը սխալմամբ ընդունվում էր որպես լուռ համաձայնություն, ավարտվել է»,- հայտարարել է նա։

Հասարակական ուշադրության ուժեղացման պատճառ են դարձել օտարերկրյա զբոսաշրջիկների մասնակցությամբ մի քանի միջադեպեր։ Ամենաաղմկահարույց դեպքերից մեկը կապված էր Իսրայելի մի քաղաքացու հետ, որին դատապարտել, ապա արտաքսել էին Սամուի կղզում կենդանաբանական այգու սեփականատիրոջը սպառնալու համար։ Կենդանաբանական այգում ցուցադրվում էր պաղեստինյան դրոշը։
Թաիլանդի վարչապետ Անութին Չանվիրակունն անցյալ շաբաթ կարգադրել էր արտաքսել այդ զբոսաշրջիկին։ Սա առաջին կիրառումն էր նոր կանոնների, որոնք կոչված են հեշտացնելու թաիլանդական օրենքները խախտող կամ «անցանկալի վարքագիծ» ցուցաբերող օտարերկրացիների արտաքսումը։
Միևնույն ժամանակ, Թաիլանդում դժգոհությունը կապված չէ միայն Իսրայելի քաղաքացիների հետ։ Հուլիսին տեսանյութում էր հայտնվել Բանգկոկի գնացքում թաիլանդցի կնոջ և աղմկոտ իտալացի ուսանողների խմբի միջև տեղի ունեցած վիճաբանությունը։ Տեսագրությունը լայն հասարակական արձագանք էր առաջացրել, որից հետո իտալական դեսպանատունը միջամտել էր իրավիճակին և ուսանողների ներողությամբ տեսանյութ հրապարակել։

Երեքշաբթի Իսրայելի դեսպանը հանդիպել է Թաիլանդի արտաքին գործերի նախարար Սիհասակ Պհուանգկետկեուի հետ։ Կողմերը քննարկել են իսրայելցի զբոսաշրջիկների վարքագծի վերաբերյալ դժգոհություններն ու հնարավոր միջոցները։ The Jerusalem Post-ի տվյալներով՝ Ֆիշեր-Քամն առաջարկել է իսրայելցի ճանապարհորդների համար թողարկել Թաիլանդում վարքագծի կանոններով հուշաթերթիկ։
Իսրայելի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Ռամի Տեպլիցկին հայտարարել է, որ դեսպանատունը չի անտեսում բացասական տրամադրությունները և կշարունակի աշխատել փոխադարձ հարգանքի ամրապնդման ուղղությամբ։ Ըստ նրա՝ իսրայելցի զբոսաշրջիկներին կտրամադրվեն պաշտոնական հանձնարարականներ՝ պահպանել թաիլանդական օրենքները և հարգել տեղական մշակույթը։
Թաիլանդի ԱԳ նախարարության ղեկավարը հայտարարել է, որ երկիրը չի կարող «կողքից դիտել», եթե օտարերկրյա հյուրերը վնաս են հասցնում երկրին կամ նրա քաղաքացիներին։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ կանոնները պահպանելու պահանջը վերաբերում է զբոսաշրջիկներին՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից։
2025 թվականին իսրայելցի զբոսաշրջիկները Թաիլանդին բերել են մոտ 1,2 միլիարդ դոլար՝ երկրի շուրջ 48 միլիարդ դոլար կազմող զբոսաշրջային եկամուտներից։ 2026 թվականի առաջին ութ ամսում Թաիլանդ է այցելել Իսրայելի ավելի քան 277 հազար քաղաքացի՝ մոտ 7%-ով ավելի, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։
Իսրայելի դեսպանատունը հայտարարել է, որ լրջորեն է վերաբերվում դժգոհություններին, սակայն ընդգծել է, որ առանձին խախտումները չպետք է ընկալվեն որպես Թաիլանդում գտնվող բոլոր իսրայելցիների բնութագիր։



























