Իտալական փոքրիկ Ստրոմբոլի կղզում ավելի քան 20 տարվա դադարից հետո կրկին բացվել է դպրոցը։ Առաջին ուսումնական օրը դասերի է եկել ընդամենը մեկ աշակերտուհի՝ վեցամյա Այշան, հայտնում է իտալական Ansa լրատվական գործակալությունը։
Աղջնակին դիմավորել է նրա ուսուցչուհին։ Տեղական Notiziario Isole Eolie պարբերականի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է ուսուցչուհին Այշայի ձեռքից բռնած տանում դպրոցական դասարան, որտեղ նրանք՝ գյուղի բնակիչների ծափահարությունների ներքո սկսել են առաջին դասը։
Դպրոցը բացվել է Ստրոմբոլիի արևմտյան ափի հեռավոր Ջինոստրա գյուղում։ Տուրիստական սեզոնից դուրս այնտեղ ապրում է մոտ 40 մարդ, իսկ բնակավայր հասնել հնարավոր է միայն ծովով։ Նոր դպրոցը տեղավորվել է տեղական ծխական տան շենքում։
Այշայի ծնողները մի քանի տարի շարունակ փորձում էին հասնել դպրոցի աշխատանքի վերականգնմանը։ Աղջիկը ծնվել է Ստրոմբոլիում՝ թունիսցի կապալառուի ընտանիքում։ Նրա մայրը՝ Մոյկա Աբբատեն, ավելի վաղ դպրոցի բացումն անվանել էր «մեծ հաջողություն» ոչ միայն իր ընտանիքի, այլև Լիպարի կղզիների և Ջինոստրայի ամբողջ համայնքի համար։
Ստրոմբոլին Լիպարի արշիպելագի մաս է և գտնվում է Միջերկրական ծովում՝ Սիցիլիայից հյուսիս։ Կղզին հայտնի է նույնանուն գործող հրաբխով, որի բարձրությունը մոտ 930 մետր է և որը պարբերաբար ժայթքում է։
Լիպարի կղզիների քաղաքապետ Ռիկկարդո Գուլոն La Repubblica պարբերականին պատմել է, որ արշիպելագի փոքր կղզիներում ապրող շատ ընտանիքներ սեպտեմբերից մայիս ստիպված են տեղափոխվել, որպեսզի իրենց երեխաները կարողանան դպրոց հաճախել։
Նրա գնահատմամբ՝ Ջինոստրայում դպրոցի աշխատանքի վերականգնումը կարող է դառնալ բնակչության նվազման դանդաղեցման առաջին քայլը, ինչը երկար տարիներ նկատվում է արշիպելագի յոթ բնակեցված կղզիներում։ Իշխանությունները նույնիսկ մեկ երեխայի համար դպրոցի բացումը դիտարկում են որպես փոքր բնակավայրի մշտական բնակչությունը պահպանելու և պայմաններ ստեղծելու հնարավորություն, որպեսզի ընտանիքները ստիպված չլինեն երեխաների կրթության համար լքել կղզին։



























