Մյունխենի դատարանը Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունից  Բունդեսթագի նախկին պատգամավոր Ակսել Ֆիշերին դատապարտել է մեկ տարի և երկու ամիս պայմանական ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) երկրի մասին դրական հայտարարություններ անելու դիմաց Ադրբեջանից գումար ստանալու մեջ, որտեղ նա ծառայել է 2010-2018 թվականներին, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

Դատարանը ապացուցված է համարել, որ նա այդ տարիների ընթացքում տասնյակ հազարավոր կանխիկ եվրո է ստացել։

Բացի դրանից, դատարանը Ֆիշերին երկու տարով արգելել է պետական ​​պաշտոն զբաղեցնել և պարտավորեցրել է նրան վճարել 12 հազար եվրո հանցագործությունների զոհերին աջակցող կազմակերպությանը, հաղորդում է dpa-ն։

Ինքը՝ Ֆիշերը և նրա փաստաբանը մինչև վերջ հերքել են «անհիմն մեղադրանքները»՝ պնդելով, որ քաղաքական գործչի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ապօրինի հարաբերություններ չեն եղել։

Հիշեցնենք, որ Գերմանիայում նմանատիպ դատական ​​որոշում է ընդունվել անցյալ ամռանը։

Այդ ժամանակ Բունդեսթագի նախկին անդամ Քրիստիան Լինտները մեղավոր ճանաչվեց Ադրբեջանին առնչվող կազմակերպություններից Եվրոպայի խորհրդում այդ երկրի շահերից բխող դրական հայտարարությունների և քաղաքական գործունեության դիմաց ավելի քան 60 հազար եվրո ստանալու մեջ։

Դատարանը դա կոռուպցիոն վարքագիծ է որակել՝ Լինտներին դատապարտելով մեկ տարի ինը ամիս պայմանական ազատազրկման և տուգանքի։ Դատախազությունը նաև ընդգծել է նրա զեկույցներում թափանցիկության բացակայությունը։