Մոտ 10 օր շարունակվող որոնողա-փրկարարական աշխատանքները Կարաչի քաղաքի (Պակիստանի հարավ) Gul Plaza առեւտրի կենտրոնի հրդեհի վայրում ավարտվել են։ Ողբերգության զոհ է դարձել 73 մարդ, տեղեկացրել է Geo հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Նրանց տեղեկացմամբ՝ ներկա պահին պարզվել է 23 զոհերի ինքնությունը։ Սինդ նահանգի կառավարությունը հավանություն է տվել հրդեհի զոհերի ընտանիքներից յուրաքանչյուրին 10 մլն պակիստանյան ռուփի (մոտ 35,7 հազար դոլար) վճարելու որոշմանը։

Մասնագետների խումբը կգնահատի շենքի պահպանված մասերի վիճակը։ Պատահարի վայր կգան նաեւ փորձագետ-քրեագետներ՝ հրդեհի ստույգ պատճառը որոշելու համար։

Հունվարի 17-ի երեկոյան առեւտրային համալիրի, որը գտնվում է Կարաչիի հոծ բնակեցված շրջանում,  առաջին հարկում տեղի է ունեցել հրդեհ։ Այն հաջողվել է լիովին մարել միայն երրորդ օրը։ Պակիստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություններ է հայտնել իսլամական հանրապետության ժողովրդին ողբերգության հետեւանքով մարդկանց զոհվելու առիթով։