Արգենտինայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել Լա Պամպա նահանգում եւ Պատագոնիայի երեք շրջաններում՝ անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է կառավարության նախագահ Մանուել Ադորնին։

«Այժմ ստորագրության է պատրաստվում արտակարգ հրամանագիր, որն արտակարգ դրություն կհայտարարի՝ կապված Չուբուտ, Ռիո Նեգրո, Նեուկեն եւ Լա Պամպա նահանգներում բռնկված հրդեհների հետ»,- գրել է նա X-ում։

Անտառային հրդեհներն Արգենտինայի հարավում շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։ Լա Պամպայում հրդեհն ընդգրկել է ավելի քան 168 հազար հեկտար, Չուբուտում՝ 45 հազար, Ռիո Նեգրոյում՝ 10 հազար, Նեուկենում՝ 6 հազար հեկտար։ Հրդեհների գոտում է հայտնվել նաեւ Լոս Ալերսես ազգային պարկը, որը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։