ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում հետաձգվել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւի նախագծի քննարկումը, որ ներկայացվել է ադրբեջանական պատվիրակության կողմից: Ինչպես հայտնում է Trend News-ը, վկայակոչելով ՄԱԿ տեղեկատվական կենտրոնին, հետաձգման հստակ պատճառը դեռ չի նշվում, սակայն «հնարավոր է, որ տվյալ որոշումը կապված է բանակցային գործընթացի հետ»:
Սկզբնապես նախագծի քննարկման օրը նշված էր 2009թ. դեկտեմբերի 3-ը: Համաձայն հաղորդագրության՝ դեկտեմբերի 3-ին նախատեսված էր նաեւ «ՎՈՒԱՄ տարածքում ձգձգված հակամարտությունների եւ միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման վրա դրանց ազդեցության մասին» բանաձեւի նախագծի քննարկումը, բայց դրա քննարկման օրն էլ է հետաձգվել: «Նախագծերի քննարկման նոր ժամկետները շուտով կհայտնվեն: Բացառված չէ, որ բանաձեւի քննարկումը կտեղափոխվի ՄԱԿ ԳԱ 65-րդ նստաշրջան: Դա կախված է անդամ-երկրներից»,- նշել են ՄԱԿ տեղեկատվական կենտրոնից:




























