«Ազգային ժողովում վարչապետի ելույթը լավն էր, բայց հաջորդ տարվա բյուջեի հետ կապ չուներ»,- նոյեմբերի 24-ին տեղի ունեցած ասուլիսում կարծիք հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդարանում բյուջեի վերաբերյալ ելույթի մասին։
«Վարչապետի արտասանած խոսքերը բավականին տպավորիչ էին, բայց մտավախություն ունեմ, որ նրա ելույթը մյուս ելույթների պես միայն ելույթ կմնա»,- նշեց պատգամավորը՝ ավելացնելով, որ 2010-ի բյուջեում կառավարությունը կրկին փորձում է շինարարությանն աջակցել, եւ «հույսները դրել են» հանքարդյունաբերության ու տրանֆերտների աճի վրա։
Ըստ նրա՝ տպավորություն է ստեղծվում, որ տնտեսական քաղաքականության մեջ կառավարությունը ոչ մի փոփոխություն չի ցանկանում իրականացնել։ Ա. Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ բյուջեում արդյունաբերության մասին ընդամենը մի քանի նախադասություն է գրված, մինչդեռ, նրա համոզմամբ, արդյունաբերությանը պետք է աջակցել, որպեսզի հանրապետությունում երկարաժամկետ տնտեսական աճ արձանագրվի։ Ա. Մարտիրոսյանը մտավախություն հայտնեց, որ խոշոր բիզնեսի նկատմամբ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության մասին վարչապետի հայտարությունը, հնարավոր է բիզնեսի վերաբաժանման հերթական առիթ հանդիսանա։
«Այս հայտարարությունից հետո հնարավոր է խոշոր բիզնեսի վերաբաժանման առիթ ստեղծվի, մինչդեռ անհրաժեշտ է ընդհանուր տնտեսական դաշտի նկատմամբ համակարգային մոտեցում կիրառել»,-ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախորդ շաբաթ Ազգային ժողովում ներկայացրել էր հաջորդ տարվա պետական բյուջեն։ Վարչապետը ելույթում անդրադարձել էր նաեւ ստվերի նվազեցմանը ու խոշոր բիզնեսի նկատմամբ հսկողություն սահմանելու անհրաժեշտությանը։


























