Ճապոնացի գիտնականները Տոկիոյի մոտ գտնվող Իբարակի պրեֆեկտուրայի Ուշիկի-նումա քաղցրահամ ջրամբարում նախկինում անհայտ հսկա ushikuvirus անվամբ վիրուս են հայտնաբերել։ Վիրուսը վարակում է ամեոբաներին և, ըստ հետազոտողների, կարող է օգնել հասկանալ, թե ինչպես են բարդ բազմաբջիջ օրգանիզմներն առաջացել Երկրի վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Virology հանդեսում։

Հսկա վիրուսները երկար ժամանակ մնացել են գիտնականների ուշադրության կենտրոնում. դրանց խոշոր չափերը հաճախ շփոթում էին մանրէների հետ։ Այսօր արդեն հայտնի է, որ դրանք բազմազան են և լայնորեն տարածված բնության մեջ՝ կարևոր դեր խաղալով էկոհամակարգերում։

Թեև վիրուսները սովորաբար կենդանի օրգանիզմներ չեն համարվում, դրանք էապես ազդում են էվոլյուցիայի վրա. դրանք գեներ են փոխանցում տեսակների միջև և ԴՆԹ-ն ինտեգրում են տիրոջ գենոմի մեջ։ Օրինակ՝ մարդկանց գենոմի մինչև 8%-ը բաղկացած է ընկերքի և նյարդային համակարգի ձևավորմանը մասնակցած հին ռետրովիրուսների հատվածներից։

Գիտնականներից ոմանք ենթադրում են, որ վիրուսները կարող են ներգրավված լինել բոլոր բույսերի, կենդանիների և սնկերի բաղկացուցիչների՝ էուկարիոտների՝ միջուկով բջիջների առաջացման մեջ: Վիրուսային ծագման վարկածով էուկարիոտ միջուկն, ըստ ամենայնի, ծագել է ԴՆԹ վիրուսից, որը մի ժամանակ վարակել է հին միաբջիջ կյանքի ձևը։

Ushikuvirus-ի հայտնաբերումը հաստատում է այդ գաղափարը. վիրուսը բջջի ներսում «վիրուսային գործարան» է ձևավորում, որը կազմակերպվածությամբ նման է միջուկի, ոչնչացնում է ամեոբայի միջուկային թաղանթը և վերակազմավորում բջջի գործառույթները՝ համապատասխանեցնելով դրա կարիքներին։

Ushikuvirus-ը վարակում է Vermamoeba vermiformis ամեոբան և համատեղում է մի քանի հայտնի հսկա վիրուսների առանձնահատկությունները, սակայն օժտված է եզակի հատկություններով: Այն ստիպում է, որ բջիջներն մեծանան անսովոր չափերով, իսկ դրա կապսիդը (սպիտակուցներից կազմված վիրուսային թաղանթ-խմբ.) ծածկված է բարդ փշերից կազմված մանրաթելային կառոցվածքով։

Ushikuvirus-ի համեմատությունն այլ հսկա վիրուսների հետ գիտնականներին կօգնի վերականգնել դրանց էվոլյուցիոն պատմությունը և հասկանալ՝   ինչ դեր կարող էին նրանք խաղա բարդ բջիջների ձևավորման գործում։