«Հայաստանը պետք է ճգնաժամից դուրս գա մյուս երկրների հետ միասին, քանի որ մեկուսացած դա հնարավոր չէ անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տնտեսագիտության դոկտոր, ԱԺ նախագահի խորհրդական Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով, Հայաստանում ճգնաժամը դեռ շարունակվում է, եւ կայունացման նշաններ դեռ չկան: Թ. Մանասերյանն ընդգծեց, որ կառավարությունը որոշ դրական միտումների մասին խոսում է, բայց «ես չէի շտապի ասել, որ այդ տեղաշարժերը կան»:
NEWS.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ թեեւ ապրիլից սկսած տնտեսությունը ամսական կտրվածքով աճ է արձանագրել, սակայն հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ գրանցվել է 5,1 տոկոսի անկում, տնտեսագետը պատասխանեց, որ ճգնաժամի պայմաններում ամեն ինչ էլ հնարավոր է, եւ քանի դեռ երկրի տնտեսությունը ճգնաժամի մեջ է, պետք է սպասել ցանկացած զարգացման:


























