Ալիյա Գալիցկայայի ինքնասպանության փաստը հաստատվել է. միջադեպի պահը տեսահսկման տեսախցիկով արձանագրվել է այն ժամանակավոր պահման վայրի մեկուսարանում, որտեղ նա գտնվում էր։ Դրա մասին Kp.ru-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ Գալիցկայային պահում էին ժամանակավոր պահման վայրի մեկուսարանում, որտեղ նրան պետք է հարցաքններ քննիչը, դրանից հետո նախատեսվում էր նրան տեղափոխել քննչական մեկուսարան։ Սակայն տեղափոխման նախորդ առավոտյան նրան մահացած են գտել։

Գալիցկայայի ծանոթներից մեկը հրապարակմանը պատմել է, որ նա երբեք ինքնասպանության մտադրություններ չի հայտնել և, ընդհանուր առմամբ, փորձել է դիմանալ: Ըստ նրա՝ իր վերապրումները պայմանավորված են նախկին ամուսնու՝ Ալեքսանդր Գալիցկու հետ ընդհարմամբ, որն, իբր, իրենց երեխաներին տարել է արտերկիր և թույլ չի տվել շփվել նրանց հետ։ Ինը ամսում նա միայն մեկ անգամ է տեսել դուստրերին։

Ալիյա Գալիցկայան կալանավորվել է փետրվարի 6-ին՝ նախկին ամուսնուց՝ ներդրող Ալեքսանդր Գալիցկիից 150 միլիոն դոլար շորթելու գործով։ Փետրվարի 7-ի առավոտյան, մինչ քննչական մեկուսարան տեղափոխվելը, նրան մահացած են գտել ՌԴ ՆԳՆ Իստրինսկի ժամանակավոր կալանավայրի խցերից մեկում։ Մարդու իրավունքների խորհրդի անդամ Եվա Մերկաչյովան հայտնել է, որ Գալիցկայան խցում մենակ է եղել և գրություն է թողել, որում կատարվածի համար պատասխանատու է համարում նախկին ամուսնուն։

Նախկին ամուսիններն ունեն երկու դուստր՝ Ռուսաստանի և ԱՄՆ քաղաքացիությամբ։ Ամուսնալուծությունից հետո Կալիֆոռնիայի Գերագույն դատարանը որոշել է նրանց բնակության վայրը մոր հետ, իսկ Գալիցկայան երեխաների հետ ապրել է Մոսկվայի մարզում։ Սակայն մայիսի վերջին հայրը աղջիկներին վերցրել է դպրոցից ու տարել անհայտ ուղղությամբ։

Գալիցկայան կապվել էր ԱՄՆ իրավասու մարմինների հետ՝ երեխաների առևանգման մասին հայտարարությամբ, սակայն, ըստ լրատվամիջոցների, արձագանք չի եղել։ Դրանից հետո նա դիմում է ներկայացրել Ռուսաստանում։ Ավելի ուշ Շվեյցարիայում նրան հաջողվել է հանդիպել դուստրերի հետ, սակայն չի կարողացել նրանց տանել Ռուսաստան, քանի որ երեխաների փաստաթղթերը հոր մոտ են եղել, հայտնում է նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը։

Ալեքսանդր Գալիցկին Ալֆա բանկի տնօրենների խորհրդում աշխատել է մինչև 2022 թվականի մարտը՝ լքելով պաշտոնը Միխայիլ Ֆրիդմանի և Պյոտր Ավենի դեմ ԵՄ պատժամիջոցների սահմանումից հետո՝ Ուկրաինայում ռազմական գործողության առնչությամբ։