«Ալֆա-Բանկ»-ի նախկին տնօրենների խորհրդի անդամ Ալեքսանդր Գալիցկու նախկին կինը՝ Ալիյա Գալիցկայան, կալանավորվել է նախկին ամուսնուց 150 միլիոն դոլար շորթելու գործով։ Դրա մասին հայտնել է Մոսկվայի մարզի դատարանների համատեղ մամուլի ծառայությունը։
Դատաքննության տվյալներով՝ Գալիցկայան նամակագրության, հեռախոսազանգերի և անձնական հանդիպումների միջոցով սպառնացել է գործարարին՝ տարածելով նրա իրավունքները և շահերը վնասելու ունակ կոմպրոմատային տեղեկություններ՝ պահանջելով 150 միլիոն դոլար։ Դատարանը նրան երկու ամսով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 3-ը, նախնական կալանք է նշանակել։
Ալեքսանդր Գալիցկին «Ալֆա-Բանկ»-ի տնօրենների խորհրդի անդամ է եղել մինչև 2022 թվականի մարտը։ Նա Ալիայից ամուսնալուծվել է 2025 թվականի մարտին, որից հետո նրանց միջև վեճ է ծագել դուստրերի պատճառով։ Ամուսնալուծությունից հետո Կալիֆոռնիայի Գերագույն դատարանը որոշել է, որ երեխաները կապրեն մոր հետ, սակայն հայրը նրանց դպրոցից հանել է և ուղարկել հայտնի չէ՝ թե ուր։
Ավելի վաղ՝ 2025 թվականի հոկտեմբերին, Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը կալանք դրեց Գալիցկիի 435 միլիոն ռուբլու արժողությամբ գույքի վրա՝ համատեղ ձեռք բերված գույքի բաժանման վերաբերյալ դատական գործի շրջանակում: Գույքի՝ ներառյալ Պատրիարշիյե պրուդի և Սրետենկա փողոցի բնակարանների և ամառանոցի շուկայական արժեքը կարող է գերազանցել 1,2 միլիարդ ռուբլին:





























