Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 24-ին այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն, եղել է գործարանի տպարանում, շրջել է հրուշակեղենի արտադրամասերում, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին եւ արտադրության գործընթացին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հարցին, թե «Գրանդ Քենդին» իր արտադրատեսակների, հիմնականում շոկոլադի համար օգտագործում է խորհրդային ժամանակներից «ժառանգություն մնացած» ապրանքանիշեր, օրինակ` «Բելոչկա», «Կրասնայա շապոչկա», ինչի արդյունքում ռուսական եւ ուկրաինական նույնանուն արտադրատեսակները չեն կարողանում Հայաստան ներկրվել, վարչապետը պատասխանել է. «Դա շուկայական կանոններին համապատասխան բնական մրցակցություն է: Մենք պետք է հետեւենք, որպեսզի մրցակցությունը լինի արդար, օրենքի շրջանակներում, որովհետեւ մրցակցությունից շահում են մեր սպառողները, մեր քաղաքացիները: Պետությունների խնդիրն այն է, որպեսզի խաղի կանոները լինեն հստակ, քանի որ դրանց փոփոխությունը խաթարում է մրցակցությունը եւ կարող է այս կամ այն արտադրողին շուկայից դուրս մղել»:

Վարչապետը նաեւ հայտարարել է, թե "բնականաբար, հետեւելու ենք, որ կանոնները չփոխվեն, կամ փոխվեն այնպես, որ չհարվածեն «Գրանդ Քենդիին»: