ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո կարող է վերանայել Թայվանին ամերիկյան զենքի մատակարարման որոշումը։

Ֆլորիդայից Վաշինգտոն թռիչքի ժամանակ ինքնաթիռում գտնվող լրագրողները խնդրել են երկրի ղեկավարին մեկնաբանել Չինաստանի առաջնորդի այն խոսքերը, թե կղզուն ամերիկյան սպառազինության հետագա մատակարարումներն անթույլատրելի են։ «Ես ունեմ պատասխան։ Ես խոսում եմ նրա հետ այդ մասին։ Մենք լավ զրույց ունեցանք և շատ շուտ որոշում կկայացնենք», - ասել է ամերիկյան առաջնորդը։

Ինչպես հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, փետրվարի սկզբին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Սի Ծինփինն իր ամերիկացի պաշտոնակցին ասել է, որ «ԱՄՆ-ն պետք է զգուշավոր մոտեցում ցուցաբերի Թայվանին զենք վաճառելու հարցում»:

Թայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում է 1949 թվականից, երբ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտություն կրելուց հետո այնտեղ փախան Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ: Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որը պաշտպանում են երկրների մեծ մասը, այդ թվում՝ Ռուսաստանը, կղզին համարվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածաշրջաններից մեկը: Վաշինգտոնը Թայբեյի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 1979 թվականին և դրանք հաստատել Չինաստանի հետ: Ընդունելով «մեկ Չինաստանի» քաղաքականությունը՝ Միացյալ Նահանգները միևնույն ժամանակ շարունակում է կապեր պահպանել Թայբեյի վարչակազմի հետ և զենք մատակարարել կղզուն: Չինական կողմի գնահատմամբ՝ վերջին մի քանի տարիների ընթացքում մատակարարումների ծավալն արդեն գերազանցել է 70 միլիարդ դոլարը: