ԼՂՀ պաշտպանական բանակի բուժծառայությունը ստեղծվել է 17 տարի առաջ՝ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի օրերին: Զինվորական բժիշկները բազում կյանքներ են փրկել եւ կյանքի վերադարձրել հարյուրավոր զինվորների: Այսօր բազմաթիվ բժիշկներ, ովքեր պատերազմի մասնակիցներ են, շարունակում են իրենց փորձն ու գիտելիքները կիրառել գործնականում։ Փորձը փոխանցում են երիտասարդ բժիշկներին, որոնց մեծամասնությունը Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի սաներ են:
Ռազմական ղեկավարության գնահատականներով՝ վերջին տարիներին զգալի աճել է բուժսպասարկման ոլորտը ինչպես սպաների, այնպես էլ շարքային կազմի համար: ՝ Ժամանակակից սարքավորումներով զինված Հոսպիտալներ ու բուժկետեր կան գրեթե բոլոր զորամասերում: Զինծառայողների շրջանում պրոֆիլակտիկ աշխատանքներ են տարվում համաճարակների կանխարգելման ուղղությամբ:
«Այսօր բուժծառայությունը մեր բանակի հզոր բաղկացուցիչն է, ռազմական միավոր, որ կայացել է իր բոլոր կառույցներով, համալրված է բժիշկներով, բուժաշխատողներով: Եւ մեր ժողովուրդը կարող է վստահ լինել, որ բուժծառայությունը կանգնած է զինվորների առողջության պահպանման առաջին գծում»,- պնդում է ԼՂՀ պաշտպանական բանակի բուժծառայության պետ Սամվել Գեւորգյանը:
Վերջերս վերականգնվել ու ընդլայնվել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալը, որը զինծառայողների բուժսպասարկման որակապես նոր մակարդակ է ապահովում:



























