Այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանն ուրբաթ վճռեց, որ նախագահ Դոնալդ Թրամփն ազգային մասշտաբի արտակարգ իրավիճակների համար նախատեսված օրենքով մաքսատուրքեր սահմանելու լիազորություն չի ունեցել, սպասվում է, որ դատական վեճերը կտեղափոխվեն ԱՄՆ Միջազգային առևտրի դատարան։ Այնտեղ ընկերություններն արդեն իրավաբանների մի ամբողջ բանակ են վարձել՝ մաքսատուրքերի սահմանման հետևանքով կրած վնասները փոխհատուցելու նպատակով։

Ըստ առևտրային քաղաքականության հարցերով մասնագիտացած իրավաբանների, արդեն սահմանված մաքսատուրքերի փոխհատուցման վերաբերյալ գործերի թիվը (ավելի քան 1800) կարող է կտրուկ աճել այն բանից հետո, երբ դատավորները մերժել են անցյալ տարվա ապրիլից ի վեր ԱՄՆ մաքսային մուտքերից ակնկալվող 175 միլիարդ դոլարի իրավական հիմնավորումը։

Ըստ Reuters գործակալության իրականացրած դատական փաստաթղթերի վերլուծության, վաշինգտոնյան Crowell & Moring իրավաբանական ընկերությունն առևտրի դատարան է ներկայացրել վնասի փոխհատուցման առնվազն 150 հայց՝ սկսած անցյալ տարվա ապրիլին Թրամփի հայտարարած «Ազատագրման օրվանից»։ Այս հայցերը ներկայացրել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Costco մեծածախ խանութների ցանցը, կոսմետիկա արտադրող Revlon-ը և ակնոց արտադրող Ray-Ban EssilorLuxottica-ն։

Մեկ այլ խոշոր ընկերություն՝ Sidley Austin-ը, ապրիլից ի վեր նույնպես ներգրավված է եղել սակագների վերաբերյալ ավելի քան 150 հայցերում՝ ներկայացնելով J. Crew, Illumina, Dole, Diageo և այլ ընկերությունների շահերը։