«Հայաստանում մրցակցության և սպառողների շահերի պաշտպանությունը թվային հարթակների զարգացման համատեքստում» քննարկմանը Yandex Armenia-ն և Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների, փորձագետների հետ միասին, քննարկել են ոլորտի կարգավորման մոտեցումները։ Այս համատեքստում ներկայացվել են նաև Yandex Go ծառայությունում իրականացված վերջին փոփոխությունները՝ ուղղված թափանցիկության և շուկայի կանխատեսելիության բարձրացմանը։

Ավելի վաղ հայտարարվել էր Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որն ուսումնասիրում է շուկայի կարգավորման և շարունակական բարելավման ուղիները։ Աշխատանքային խմբի նպատակն է մշակել գործիքներ, որոնք կբարձրացնեն գործընթացների թափանցիկությունն ու շուկայի արդյունավետությունը։

«Մրցակցության և սպառողների շահերի արդյունավետ պաշտպանության գործում այսօր հատկապես կարևոր է փափուկ իրավունքի գործիքների կիրառումը, այդ թվում՝ հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրումը։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հանձնաժողովը բաց է բոլոր այն տնտեսավարողների հետ համագործակցության համար, որոնք հանդես են գալիս նման նախաձեռնություններով»,-իր խոսքում նշել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը։

«Համատեղ աշխատանքի առաջին ամիսներին իրագործել ենք լուծումներ, որոնք միտված են շուկայի մասնակիցների, առաջին հերթին՝ ուղևորների և վարորդների համար ավելի կանխատեսելի և բարենպաստ միջավայր ստեղծելուն»,-նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։

Ուղևորների և վարորդների համար ոլորտի բարելավման նպատակով իրականացվող քայլերի շրջանակում ներկայացվել են Yandex Go ծառայությունում կատարված փոփոխությունները։
- Ծառայությունն այժմ հրաժարվում է իր վարձատրության («միջնորդավճարի») մի մասից այն պատվերների համար, որոնց արժեքը բարձր պահանջարկի ժամանակ ավելի քան երկու անգամ գերազանցում է բազային սակագնով ուղևորության արժեքը։ Բարձր պահանջարկի ժամանակ սա ավելի բարձր եկամտի հնարավորություն է տալիս վարորդներին։
- Յանդեքս Պլյուսի բաժանորդների համար Yandex Go-ն գործարկել է 5% քեշբեք (հետվճար) բարձր սակագներում ուղևորությունների դիմաց՝ նախկինում վարորդի հաշվին տրամադրվող զեղչի փոխարեն:
- Ծառայության վարձատրությունը («միջնորդավճարը») դարձել է աստիճանական՝ «Ստարտ/Էկոնոմ» սակագնում նվազելով մինչև 14.5%, իսկ ավելի բարձր սակագներում կազմելով 16.5%։
- Սահմանվել է մեքենայի համար սակագնի հասանելիության երաշխիք․ 2026 թվականի հունվարի 1-ից սահմանվել է երաշխիքային ժամկետ (ավտոմեքենայի արտադրության տարեթվից), որի ընթացքում ավտոմեքենան կպահպանի որոշակի սակագներում պատվերներ կատարելու հնարավորությունը։ Դա թույլ է տալիս վարորդներն ավելի հեշտ ընտրություն կատարել պատվերներ կատարելու համար նոր մեքենա ընտրելիս։
- Սահմանվել է գնի բարձրացման վերին սահման բարձր պահանջարկի պայմաններում․ եռամսյակային կտրվածքով ուղևորության արժեքի՝ բազային գնի նկատմամբ եռակի և ավելի աճը չի կարող գերազանցել դեպքերի ընդհանուր ծավալի 5 տոկոսը։
- Yandex Go հավելվածում արդեն ցուցադրվում են ուղևորության արժեքի ձևավորման մանրամասները՝ օգնելով օգտատերերին տեսնել, թե ինչպես է ձևավորվում յուրաքանչյուր ուղևորության արժեքը, ներառյալ բարձր պահանջարկի ժամանակ կիրառվող՝ գնի բարձրացման գործակիցը։
- «Ստարտ»/«Էկոնոմ» սակագնում ներդրվել է վիրտուալ հերթերի ձևավորման գործիքը, որը թույլ է տալիս սպառողին իրական ժամանակում գնահատել և ավելի արդյունավետ կողմնորոշվել ուղևորափոխադրման ընտրության հարցում։
- Սակագների քարտերում ավելացվել է մեքենաների և ծառայության մասին մանրամասն տեղեկատվությունը՝ ուղևորի համար ավելի կանխատեսելի դարձնելով ծառայությունն ու դրա որակը։
Նշվել է նաև, որ Հայաստանում նախատեսվում է գործարկել նոր՝ լոուքոսթ ծառայություն, որը վարորդներին և ուղևորներին կառաջարկի ոչ կանոնավոր ուղևորափոխադրման ծառայությունների լրացուցիչ այլընտրանք թվային հարթակի միջոցով։
Կողմերը նաև հայտարարել են, որ աշխատանքային խմբի շրջանակում համագործակցությունը շարունակական է։




























