«Հանրապետության հինգ հոգեբուժական կլինիկաներում շուրջ հազար երկու հարյուր մարդ է բուժվում, սակայն հաշվառման մեջ գտնվում են, ընդհանուր թվով, քառասունչորս հազարը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր հոգեբույժ, Առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոնի» գլխավոր տնօրեն Սամվել Թորոսյանը։
Նկատելով, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հիվանդների թիվը հանրապետությունում գրեթե չի փոփոխվել, նա, սակայն, տեղեկացրեց, որ քիչ չեն եղել նաեւ դեպքերը, երբ վերջնականապես բուժվելով, հիվանդները վերադարձել են իրենց տներ։ «Նման դեպքեր, ճիշտ է, քիչ, այնուամենայնիվ, լինում են, հակառակ պարագայում արձանագրված թվերն ավելացած կլինեին»,- ընդգծեց կենտրոնի տնօրենը։
Հարցին, թե բուժվողներից յուրաքանչյուրին որքա՞ն գումար է տրամադրվում պետբյուջեից, եւ բավարարո՞ւմ է արդյոք գումարի այդ չափը նրանց բոլոր կարիքները հոգալու համար, Ս. Թորոսյանը նշեց, որ յուրաքանչյուր հիվանդի համար պետությունն օրական կտրվածքով 5350 դրամ է հատկացնում, ինչը, նրա խոսքով, «լիովին բավարարում է ամենաթանկ, ժամանակակից հոգեմետ դեղամիջոցների եւ լիարժեք սնունդի համար»:
Կենտրոնի տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի իրենք հյուրընկալել են Ռուսաստանի տասներկու հոգեբուժական կլինիկաների տնօրենների, ովքեր, խիստ տպավորված լինելով կենտրոնի աշխատանքներից եւ բուժման ընթացքում կիրառվող մեթոդներից, խնդրել են փորձի փոխանակում անցկացնել։
Նույն կենտրոնի սոցիալական աշխատող Ռուզաննա Զոհրաբյանի հետ զրույցից էլ պարզ դարձավ, որ հիվանդանոցում անում են ամեն բան, որպեսզի հնարավորինս հեշտացնեն հոգեկան շեղումներով մարդկանց ինտեգրումը հասարակությանը: «Մարդիկ այստեղ հայտնվում են խուճապային իրավիճակում, եւ առաջին բանը, որ փորձում ենք անել, նրանց ամեն կերպ աջակցելն է, ինքնախարանման սինդրոմը նրանց միջից դուրս հանելը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ իրենք մշտական կապ են պահպանում արտահիվանդանոցային բուժում ստացող հիվանդներից յուրաքանչյուրի հետ. «Փորձում ենք վերականգնել նրանց ոտնահարված իրավունքները, աջակցել աշխատանքի տեղավորման, թոշակի եւ աղքատության նպաստների ստացման հետ կապված իրավաբանական խնդիրների առաջացման դեպքերում եւ փատաթղթերի փաթեթների ձեւակերպման հարցերում»,- տեղեկացրեց Ռ. Զոհրաբյանը։ Հարցին, թե քանի՞ մարդ է այժմ իրենց աջակցությամբ աշխատանք գտել, նա նշեց, որ նման մարդկանց թիվը չի անցնում մեկ-երկու տասնյակից։ «Ինչ վերաբերում է թոշակներին, ապա խոսքն այստեղ չնչին գումարների մասին է՝ ընդամենը ութ-ինը հազար դրամ»,- նկատեց կենտրոնի սոցիալական աշխատողը։
Անդադառնալով հիվանդների արտահիվանդանոցային ժամանցի կազմակերպման հարցերին՝ Ռ. Զոհրաբյանը ափսոսանքով տեղեկացրեց, որ մինչեւ վերջերս գործող մի արտահիվանդանոցային կենտրոն ֆինանսավորման պակասի հետեւանքով փակվել է, իսկ, ընդհանրապես, իր նախաձեռնությամբ հիվանդները հաճախ են համերգների հաճախում։ «Այս մարդիկ արժանի են լիարժեք ապրելու, եւ ամեն ինչից առավել՝ նրանք սիրո եւ ջերմության կարիք ունեն»,- եզրափակեց նա։


























