Այո՛, Ռուսաստանը «խոցված օդաչու» է։ Այն այլևս անվտանգության մոնոպոլիստ չէ Հարավային Կովկասում։ Այս մասին փետրվարի 26-ին Երևանում Գորչակովի հիմնադրամի կողմից կազմակերպված «Եվրասիական երկխոսություն-Հայաստան» միջազգային վերլուծական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Փորձագետի խոսքով՝ հատկանշական է, որ այդպես են կարծում ոչ միայն Հայաստանում կամ, ասենք, Մերձբալթիկայում ու Ուկրաինայում, այլև ողջ հետխորհրդային տարածքում՝ ներառյալ հենց Ռուսաստանում։ «Գոյություն ունի թեզ այն մասին, որ կատարվողն ընդհանուր առմամբ օրինաչափություն է։ Եվ նման թեզ կարելի է տեսնել ոչ միայն Հայաստանում»,- ասել է Իսկանդարյանը։
Նա ընդգծել է, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, 2020-2024 թվականների արդյունքն է. «Կարծում եմ՝ այդ տարիներից յուրաքանչյուրն անհնար կլիներ առանց նախորդի։ Նկատի ունեմ և՛ հայերի ջախջախիչ պարտությունը 2020 թվականի պատերազմում, և՛ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը, և՛ հետխորհրդային տարածքում իրավիճակի փոփոխությունը»։
Նա միաժամանակ հատուկ կանգ է առել Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վրա։ Իսկանդարյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կորուստը փաստացի զրկել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի վրա ազդեցությունից, ինչը փորձագետը համեմատել է «սիամական երկվորյակների» հետ։
Քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանի ղեկավարության սեղանին այժմ մեկի փոխարեն երկու հեռախոս կա։ Դրանցից մեկը կապ է պահպանում Մոսկվայի հետ, իսկ մյուսը՝ Թուրքիայի։ Եվ այսօր ակնհայտ է, թե ում զանգն է Բաքվում հաշվի առնվում։
Իսկանդարյանը համոզված է, որ անցյալում են մնացել այն ժամանակները, երբ Մոսկվայից ընդամենը մեկ զանգով հնարավոր էր Հարավային Կովկասում կանգնեցնել մարտական գործողությունների ակտիվ փուլը։ Հիմա իրավիճակն այլ է։ Նա, ըստ էության, կոչ է արել հաշվի առնել ներկայիս իրականությունը և ըմբռնումով մոտենալ Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշ քայլերին, որը, գործնականում, այլ ելք չունի։ Հավելելով, որ տարածաշրջանում Հայաստանի հիմնական դաշնակիցը հայտնվել է խաղից դուրս վիճակում։ Հետևաբար, Հայաստանը զրկվել է անվտանգության հիմնական մեխանիզմից և աղբյուրից։
«2022 թվականին Հայաստանը զրկվել է Ռուսաստանի Դաշնությունից սպառազինություն ստանալու հնարավորությունից։ Ռիսկերը նախկինի պես լուրջ են։ Փայտերով կռվելն այնքան էլ լավ չի ստացվում», - նշել է փորձագետը։
Ելնելով վերը նշվածից՝ փորձագետն առաջարկել է Ռուսաստանին ուշադրություն դարձնել հնարավոր երկկողմ փոխգործակցության այլ ոլորտների վրա։ Օրինակ՝ մշակութային և տնտեսական բաղադրիչներին։





























