Ավելի քան հարյուր տարի առաջ Լեհաստանի հյուսիս-արեւմուտքում ծովի ջրերից քայքայման ենթարկված ժայռից ընկել է հին փայտե դագաղ կնոջ մնացորդներով, որին հետագայում անվանել են «արքայադուստր», գրել է Live Science-ը ։
Հայտնագործությունն անմիջապես սենսացիոն դարձավ. կաղնե սարկոֆագը, զարդերը եւ գրեթե ամբողջությամբ պահպանված կմախքը վերաբերում էին տարածաշրջանում հռոմեական շրջանի ամենահազվագյուտ դամբարաններից մեկին։
Սակայն 19-րդ դարի վերջից հնագետներին տանջում էր մի կարեւոր հարց. երբ է իրականում ապրել այս կինը։
Դամբանատեղին հայտնաբերվել է Բալթիկ ծովի ափին գտնվող Բագիչ գյուղում եւ կապված է Վելեբարկ մշակույթի հետ, որը հաճախ կապում են վաղ գոթական ցեղերի հետ։
Դագաղի ներսում հնագետները գտել են բրոնզե զարդեր, սաթե եւ ապակե ուլունքներ, ապարանջաններ, կինն իքնը հանգչում էր կովի կաշվի վրա։ Իրերի ոճից ելնելով՝ նրա մահը թվագրվել է մ.թ. II դարով։ Սակայն ատամի ռադիոածխածնային վերլուծությունը անսպասելիորեն «երիտասարդացրել» է գտածոն գրեթե մեկ դարով՝ լուրջ կասկածներ առաջացնելով։
Այժմ հետազոտողներն օգտագործել են ավելի ճշգրիտ մեթոդ՝ դենդրոքրոնոլոգիան կամ այն կաղնու օղակների վերլուծությունը, որից պատրաստվել է դագաղը։
Փայտի կառուցվածքը տարածաշրջանային ժամանակագրական սանդղակների հետ համեմատելով՝ գիտնականները որոշել են, որ ծառը կտրվել է մ.թ. մոտ 120թ․։ Քանի որ նման դագաղները պատրաստվել են փայտը հավաքելուց կարճ ժամանակ անց, սա փաստացի լուծում է առեղծվածը. կինն ապրել է II դարում, եւ նախորդ ռադիոածխածնային ամսաթիվը, հավանաբար, աղավաղվել է նրա սննդակարգի կամ ջրի պատճառով։
Հայտնագործությունը ոչ միայն պարզաբանում է այս կոնկրետ դեպքի տարիքը, այլեւ ցույց է տալիս, թե որքան դժվար կարող է լինել հին մնացորդների թվագրումը։ Բացի այդ, օրգանական նյութերի հազվագյուտ պահպանումը թույլ է տալիս ավելի խոր հասկանալ կնոջ հուղարկավորության ավանդույթները եւ սոցիալական կարգավիճակը։ Գենետիկական ուսումնասիրությունները նույնպես անհրաժեշտ են՝ լույս սփռելու համար նրա ծագման եւ տարածաշրջանի բնակչության այլ խմբերի հետ նրա կապերի վրա։




























