Ասամի Ջորհատից թռիչքից հետո հինգշաբթի երեկոյան անհետ կորած Су-30МКИ կործանիչը վթարի է ենթարկվել Կարբի Անգլոնգ շրջանում։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնել են Հնդկաստանի ռազմաօդային ուժերը։
Ըստ հայտարարության՝ ինքնաթիռն ուսումնական թռիչք էր կատարում, երբ վթարի է ենթարկվել Ջորհատից մոտ 60 կմ հեռավորության վրա։ Երկու օդաչուի ճակատագիրն անհայտ է։
Су-30МКИ կործանիչը ռադարի հետ կապը կորցրել է հինգշաբթի երեկոյան՝ Ասամի Ջորհատի ավիաբազայից թռիչքից կարճ ժամանակ անց, սկսվել է որոնողական-փրկարարական գործողություն՝ ինքնաթիռը և դրա երկու օդաչուներին գտնելու համար, ավելի վաղ հայտնել էին պաշտոնյաները։ Պաշտպանության նախարարության պաշտոնյաները հայտնել են, որ ինքնաթիռը ցամաքային անձնակազմի հետ վերջին անգամ կապ է հաստատել 19:42-ի սահմաններում՝ նախքան ռադարից անհետանալը։
«Ինքնաթիռում երկու օդաչու կար, և նրանց հետ կապը դեռևս անհասանելի է։ Որոնողական աշխատանքներ են սկսվել և՛ ինքնաթիռին, և՛ օդաչուներին գտնելու համար», - ասել է ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը։
Ընդսմին, 19:00-ի սահմաններում, Կարբի Անգլոնգ շրջանի Նիլիպ թաղամասին հարող հեռավոր բլրից պայթյունի նմանվող բարձր ձայն է լսվել։
Ըստ Hindustan Times-ի՝սոցիալական ցանցերում հայտնվել են նաև ենթադրյալ վթարի մի քանի չհաստատված լուսանկարներ։
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը շահագործում են ավելի քան 260 Су-30МКИ կործանիչ։ 2024 թվականի հունիսին Մահարաշտրայի Նաշիկ շրջանում վթարի ենթարկվեց «Сухой» ընկերության կործանիչը։ Եվս մի Су-30 ինքնաթիռ վթարի է ենթարկվել 2023 թվականի հունվարին՝ Գվալիոր ռազմաօդային բազայից թռիչքից հետո։




























