«2010թ. սոցիալական ծախսերի մակարդակն անփոփոխ կմնա, այսինքն՝ հաջորդ տարի կենսաթոշակների եւ մնացած բոլոր սոցիալական վճարների ոլորտում նվազումներ չեն լինի»,- նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը։

Նշելով, որ 2010թ. ընթացքում կենսաթոշակների չափի եւ տրամադրման հարցերում փոփոխություններ չեն լինելու, նա, սակայն, տեղեկացրեց, որ արդեն 2011թ. հունվարի 1-ից Հայաստանում գործելու է կենսաթոշակային հիմնադրամի նոր համակարգ։ Ըստ այդ համակարգի՝ ՀՀ մինչեւ 40 տարեկան բոլոր աշխատող քաղաքացիները հատուկ կուտակային հիմնադրամներում պարտադիր վճարումներ են կատարելու, ինչի արդյունքում որոշակի գումար են կուտակելու հիմնադրամի իրենց հաշվի վրա եւ կենսաթոշակառության տարիքում, արդեն ունենալու են ձեւավորված մի դրամագլուխ, որը գումարվելու է նրանց բազային կենսաթոշակին։ Հարցին, թե ո՞վ է երաշխավորելու ՀՀ քաղաքացիների գումարների ապահովությունն այդ հիմնադրամներում, Վ. Խաչիկյանը ընդգծեց, որ թեպետ դրանք մասնավոր կազմակերպոuթյուններ են լինելու, այնուամենայնիվ պետությունը խիստ վերահսկողություն է սահմանելու դրանց լիցենզավորման եւ գործունեության վերահսկողության սահմանման առնչությամբ։ «Այս համակարգը գործում է աշխարհի մի շարք երկրներում՝ Չիլիում՝ ավելի քան 28 տարի, Ղազախստանում՝ 15 տարի, Ռուսաստանում՝ 10 տարի»,- տեղեկացրեց նա։ Վ. Խաչիկյանը հստակեցրեց նաեւ, որ 2011-ի վերոնշյալ ծրագրով մինչեւ 40 տարեկան բոլոր աշխատող քաղաքացիների աշխատավարձի 5 տոկոսը գնալու է կենսաթոշակային հիմնադրամ։

«Այսօրվա դրությամբ, ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակի չափը 8 հազար դրամ է, միջինը՝ 26 հազար դրամ, իսկ յուրաքանչյուր աշխատանքային տարվա ստաժի համար սահմանված է 450 դրամ հավելում։ Մենք նույնիսկ մշակված սցենար ունեինք, որի համաձայն, նախատեսում էինք կենսաթոշակի միջին չափը 2012թ. հասցնել մինչեւ 37-38 հազար դրամի, սակայն տնտեսական ճգնաժամի հետեւանքով այդ սցենարը անորոշ ժամկետով հետաձգվել է»,- եզրափակեց նա։